
Նիկոլայ Ազարովը հեռախոսազրույց է ունեցել Դմիտրի Մեդվեդևի հետ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Ուկրաինայի ու Ռուսաստանի վարչապետներ Նիկոլայ Ազարովի ու Դմիտրի Մեդվեդևի միջև: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի վարչապետի մամլո ծառայությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում են գտնվել երկու երկրների միջև առևտրային-տնտեսական հարաբերություններին առնչվող ընթացիկ խնդիրները: Մեդվեդևն Ազարովի ուշադրությունն է հրավիրել գազի գնման հարցում Ուկրաինայի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտության վրա:
Ազարովի մամլո ծառայությունն իր հերթին հայտնել է, որ կողմերը քննարկել են նաև ռուսական գազի՝ Ուկրաինայի տարածքով դեպի եվրոպական երկրներ տարանցվելու հարցը: Ազարովն ու Մեդվեդևը հայտարարել են, որ կողմերից յուրաքանչյուրը տվյալ հարցում անելու է ամեն անհրաժեշտ բան՝ համաձայն իրենց ստանձնած պարտավորությունների:
Ազարովն ու Մեդվեդևը պայմանավորվել են գազային հարցի քննարկումները շարունակել նոյեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկրների վարչապետների գագաթաժողովում: