
Մոլդովայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ԵՄ-ի երկրներ այցելել 2015 թվականից

Publika.md-ի փոխանցմամբ՝ Մոլդովայի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի ԵՄ-ի երկրներ այցելել 2015 թվականից սկսած: Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժոզե Մանուել Բառոզուն: Նրա խոսքերով՝ Մոլդովան կատարել է անհրաժեշտ բոլոր պահանջները՝ կապված ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման հետ:
Դրա հետ կապված՝ Եվրահանձնաժողովը ԵՄ-ի Խորհրդին առաջարկելու է Մոլդովայի քաղաքացիների համար վերացնել վիզային սահմանափակումները: Տվյալ հարցն արդեն իսկ արծարծվելու է նոյեմբերի 28-29-ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթաժողովում, որի ընթացքում Մոլդովան պլանավորել է հաստատել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: