Բաժիններ՝

45 մլն դրամ տուգանք՝ հակամրցակցային համաձայնության համար

Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը «Երեքնուկ», «Սեար գրուպ» և «Ամարաս Յուս» ընկերություններին հակամրցակցային համաձայնության համար տուգանեց 45 մլն դրամով՝ յուրաքանչյուրը 15-ական մլն դրամով: Այսօր ՏՄՊՊՀ-ի նիստում հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը տեղեկացրեց, որ ուսումնասիրել են 88 հաստատությունների կազմակերպած շուրջ 200 մրցութային փաթեթներ: Պարզվել է, որ նշված ընկերությունները ծերանոցների, մանկատների, գիշերօթիկ հասատությունների կողմից պետգնումների շրջանակներում հայտարարված մրցույթների ժամանակ փոխհամաձայնեցված քաղաքականություն են վարել, ընկերություններից մեկը մի մրցույթում առաջարկել է ապրանքի համար ցածր գին` հաղթել է, մյուս ընկերության հայտարարած մրցույթին մասնակցելով` առաջարկել է բարձր գին, իր տեղը զիջելով նույնպես բարձր գին առաջարկող, իրեն փոխկապակցված ընկերության: Մի դեպքում ընկերությունը մրցույթում հաղթել է ցածր գնով, բայց հետո հրաժարվել է ներկայացնել փաստաթղթեր, արդյունքում տեղը զիջել է ավելի բարձր գին առաջարկող ընկերությանը: Ի վերջո, սոցիալական հաստատություններին սնունդ է մատակարվել շուկայականից 2-3 անգամ ավելի բարձր գներով:

«Արդյունքում 2 խնդիր է առաջացել՝ հակամրցակցային համաձայնության մեջ մտած ընկերությունները շատ ավելի բարձր գին են առաջարկում, և երկրորդ՝ անհավասար մրցակցության պայմաններ են ստեղծվում մյուս ընկերությունների համար, որոնք դուրս են մնում պետական գնումների ոլորտից»,- ասաց Ա.Շաբոյանը:

Նա նաև հիշեցրեց, որ այս ընկերությունները նախկինում ևս տուգանվել էին ՏՄՊՊՀ կողմից՝ սոցիալական հաստատություններին կարագի փոխարեն սփրեդ մատակարարելու համար:

ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքները կուղարկվեն ֆինանսների նախարարությանը և իրավախախտ ընկերությունները կընգրկվեն նախարարության «սև ցուցակում»՝ 1 տարի ժամկետով զրկվելով պետական գնումներին մասնակցելու իրավունքից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս