
Ծալովի դանակով հարվածներ էր հասցրել Արսենին

Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.40-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի հետին մակերեսի կտրած-ծակած» վերք ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1970 թ. ծնված Արսեն Կ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Երևանի Վանթյան և Բատիկյան փողոցների խաչմերուկում, վիճաբանության ժամանակ, Արսեն Կ.-ին դանակով հարվածել և վնասվածքը պատճառել էր անհայտ անձը:
Ոստիկանության ծառայողներին հաջողվել է պարզել, որ հոկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Շահումյան 6-րդ փողոցի թիվ 23 տան մոտ գտնվող բացօթյա տաղավարում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, Արսեն Կ.-ին իր մոտ եղած ծալովի դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է 1975 թ. ծնված Արթուր Ա.-ն, որը բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 12-ին, ժամը 18.30-ին, ինքնակամ ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն: