Ճանապարհները դեռ փակ են
Հոկտեմբերի 22-ին Իջեւանի տարածաշրջանի Վազաշեն գյուղի տարածքում, Վազաշեն-Պառավաքար ճանապարհին ադրբեջանական զինուժի գնդակոծությունից զոհվեց ժամկետային մի զինծառայող,3-ը վիրավորվեցին: Դրանից հետո փակվեց Իջեւան-Բերդ հանրապետական նշանակության ճանապարհը:
tesankyun.am-ի փոխանցմամբ` այն մինչ օրս փակ է: Տավուշի մարզկենտրոն Իջեւանից դեպի Բերդ քաղաք երթեւեկությունն իրականացվում է Իջեւան-Գանձաքար-Իծաքար-Նավուր-Բերդ ճանապարհով:
Այն թեեւ ավելի կարճ է, սակայն` անբարեկարգ: Ավտոմեքենաների տերերը այդ ճանապարհը հաղթահարելու համար ավելի շատ ժամանակ եւ նյարդեր են ծախսում: Դեռեւս փակ է նաեւ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը: Այդ պատճառով այդ հատվածում երթեւեկությունն իրականացվում է պետական բյուջեից հատկացված 768 միլիոն դրամով 2006-2007թվականներին կառուցված Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքար սարով ձգվող ճանապարհով:
Հարցին, թե ինչո՞վ է բացատրվում միջպետական ճանապարհի փակ լինելը, չէ՞ որ վերջին օրերին սահմանի այդ հատվածում ադրբեջանական զինուժը ոտնձգությունների չի դիմել, Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը պատասխանեց, որ զինվորականները ճանապարհի փակ լինելը պատճառաբանում են անվտանգության նկատառումներով:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: