Ոստիկանությունը հաստատում է Մարտիրոսյանի ձերբակալությունը
ՀՀ դատական դեպարտամենտի նախկին ղեկավար Միսակ Մարտիրոսյանը ձերբակալվել է: Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Ըստ «Փաստինֆո»-ի՝ Միսակ Մարտիրոսյանը ձերբակալվել է ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում: Սեպտեմբերի 25-ի դրությամբ՝ այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել էր 19 անձ:
Գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել նաև ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը, մեղադրանք էր առաջադրվել նաև դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանին քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ ևս որպես խափանման միջոց կիրառվել էր կալանավորումը: