Պուտինը «Սմե՞րչ» է բերելու
Սեպտեմբերի 30-ին ԱԺ-ում անցկացվում էր ՀԱՊԿ Միջխորհրդարանական վեհաժողովի Անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի արտագնա նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Անատոլի Վիբորնին: Հայ պատգամավորները նիստի ժամանակ դժգոհել են, թե ինչու է ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակից Ռուսաստանը նորագույն զինատեսակներ վաճառում Ադրբեջանին, այդ թվում` համազարկային «Սմերչ» կայաններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի դեմ: Նիստից հետո Վիբորնին մոտեցել է հայ պատգամավորներին և նրանց վստահեցրել, որ պետք չէ անհանգստանալ Ադրբեջանին վաճառված «Սմերչ»-ներից, քանի որ առաջիկայում նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը, և նա իր հետ Հայաստան է բերելու «Սմերչ» կայաններ: Հայ պատգամավորներն էլ ասել են, թե ստացվում է, որ Ռուսաստանը միաժամանակ զենք է տալիս և՛, Հայաստանին, և՛ Ադրբեջանին, որպեսզի մենք փոխադարձաբար ոչնչացնենք իրար: