Ազգային փոքրամասնությունները կողմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը
Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարեց, որ Հայաստանը որոշել է անդամակցել Մաքսային միությանը (ՄՄ): Մինչ օրս հայաստանյան քաղաքական, տնտեսական և առհասարակ՝ բոլոր ոլորտների ներկայացուցիչները քննարկում են ոչ միայն այդ հայտարարությունը, այլև այդ կտրուկ որոշման դրդապատճառներն ու նպատակահարմարությունը: Իսկ ի՞նչ են մտածում այդ կապակցությամբ ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունները:
«Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպության փոխնախագահ Սաշիկ Սուլթանյանը կարծում է, որ չնայած՝ եզդիներն ունեն էթնիկ այլ հատկանիշներ, սակայն Հայաստանը նաև իրենց հայրենիքն է: Ուստի, եզդիները նույնպես հակված են երկրի զարգացման ցանկացած տարբերակի, որը բարենպաստ կլինի Հայաստանի Հանրապետության համար: Այլ հարց է, որ այդ տարբերակները կարող են սուբյեկտիվ դրսևորումներ ունենալ: «Ընդհանուր առմամբ, եզդիներն այս հարցի շուրջ նույն վերաբերմունքն ու ակնկալիքներն ունեն, ինչ ՀՀ բոլոր քաղաքացիները: Միակ տարբերակվող կարծիքային հատկանիշն այն է, որ եզդիական սփյուռքը ՌԴ-ում ավելի մեծ է՝ 200-250 հազար, և Մաքսային միությանը միանալուց հետո սոցիալ-տնտեսական շփումները կդառնան ավելի ինտենսիվ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ս. Սուլթանյանը:
Հայաստանում հունական «Պատրիդա» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը միանշանակ դրական է համարում Մաքսային միությանն անդամակցելու որոշումը: «20 տարի է՝ ուզում ենք մտնել Եվրամիություն: Որևէ մեկը կբացատրի՞, թե ինչ օգուտներ կտար դա մեզ: Եվրոպայից և Եվրամիությունից մինչև հիմա լավ բան չեմ տեսել, միայն թալանել են: Մաքսային Միությանն անդամակցությունը նախ՝ կապահովի մեր անվտանգությունը, ինչն էլ ինձ համար ամենակարևորն է»,- նշեց Պոլատովը:
Հրեական համայնքի ներկայացուցիչները փոքր-ինչ տարակուսելուց հետո պատասխանեցին, որ իրենք ևս դրական են վերաբերվում ՀՀ նախագահի որոշմանը:
«Աթուր» ասորական ասոցիացիայի ղեկավար Արսեն Միխայիլովն ասաց, որ ասորիների հետ պարբերաբար հանդիպումներից պարզվել է, որ Հայաստանի ասորիները ունեն բազմաթիվ բարեկամներ Ռուսաստանի տարբեր քաղաքներում: «Հայաստանից շատ ասորիներ արտագաղթել են Ռուսաստան, Ղազախստան, և բնական է, որ Հայաստանի ասորական համայնքը պետք է հավանություն տա Մաքսային միությանն անդամակցելուն, քանի որ բարեկամական կապերը դրանից ավելի կամրանան», – ավելացրեց Արսեն Միխայիլովը:
ՄԱՐԻԱՄ ԱՅԴԻՆՅԱՆ