Արգիշտի Կիվիրյան. Անիմաստ է մասնակցել այս կլոունադային, որը կոչվում է նախաքննություն
Այսօր «Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանին այսօր ժամը 16:00-ին կանչել էին Հատուկ քննչական ծառայություն: Կիվիրյանը ՀՔԾ-ից դուս եկավ 4 ժամ անց՝ ժամը 20:00-ի սահմաններում: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ իր հետ առերեսման համար ՀՔԾ էին բերվել նաև այն երեք ոստիկանները, որոնք դեքպի օրը գտնվել են ոստիկանական ավտոմեքենայում:
«Պարզ է, որ ես հրաժարվեցի մասնակցել առերեսմանը, քանի որ լիարժեք չեն ապահովվում իմ իրավունքները, իմ շահերը: Անիմաստ է մասնակցել այս կլոունադային, որը կոչվում է նախաքննություն»,- ասաց Ա. Կիվիրյանը:
Նրա խոսքով՝ իրեն այսօր հայտնել են նաև նախաքննության ավարտի մասին: «Այս կարգի շտապողականությամբ քրեական գործի ավարտ երևի չի եղել վերջին 10 տարվա մեջ: Միանշանակ է, որ իշխանությունները ցանկանում են մեկ վայրկյան առաջ այս գործն ուղարկել դատարան, որպեսզի փորձեն կայացնել իմ դեմ մեղադրական դատավճիռ»,- ասաց Ա. Կիվիրյանը: Նրա խոսքով՝ այսօր առերեսման եկած ոստիկանները «պատրաստված կերպով» հայտարարել են, որ ինքը հարվածել է ոստիկաններից մեկին, կծել նրան, ապա ինքն իր գլուխը հարվածել ոստիկանական մեքենայի դռանը:
Արգիշտի Կիվրիյանի պաշտպան Լուսինե Սահակյանի խոսքով՝ նախաքննությունն իրականացվել է ապօրինի կերպով: «Զարմանալին այն էր, որ նախաքննության սկզբնական փուլում՝ առնվազն երկու ամիս, գրեթե քննություն չէր կատարվում, շատ քիչ էր հրավիրվում Արգիշտի Կիվիրյանը, և այն բանից հետո, երբ նոյեմբերի 5-ին տեղի ունեցան իրադարձություններ, և Արգիշտի Կիվիրյանը ակտիվորեն պաշտպանեց Շանթ Հարությունյանին և նրա համախոհներին, սկսեցին քննչական գործողություններ կատարել: Ինքներդ ականատես եք եղել՝ ինչ շուտափույթ կերպով անընդհատ հրավիրում էին Արգիշտի Կիվիրյանին, արագ նախաքննությունն ավարտեցին՝ գործն ուղարկելով դատարան: Համենայանդեպս, իմ պրակտիկայում նման դեպք չկա, որ նման քանակությամբ քննչական գործողություններ կատարվեն այսքան կարճ ժամկետում և նախաքննությունն անհապաղ ավարտվի»,- ասաց փաստաբանը:
Նա նշեց, թե չի հատավում Հայաստանի արդարադատությանը. ըստ նրա՝ դատարանը կկայացի մեղադրական դատավճիռ. Արգիշտի Կիվիրյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում: Լուսինե Սահակյանի խոսքով՝ նախաքննության ընթացքում նշանակվել են նաև փորձաքննություններ պարզելու համար՝ արդյոք Արգիշտի Կիվիրյանը կարո՞ղ էր ինքնավնասման արդյունքում նման վնասվածնքներ ստանալ: Փորձագետները նշել են, որ դա հնարավոր է:
Հիշեցնենք, որ Արգիշտի Կիվիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ի կետով՝ հանցագործության մասին սուտ մատնության համար: