Բացառիկ ՀԴՄ-ներ՝ Հայաստանի համա՞ր

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին խնդրեց անդրադառնալ նոր ՀԴՄ-ների գնման հետ կապված «անհասկանալի վիճակին»: Նախ Լևոն Զուրաբյանը մի քանի դիտարկում արեց. «2013թ. հունիսի 27-ի որոշմամբ սահմանվում է ՀԴՄ-ների նոր՝ օգտագործման համար թույլատրելի՝  ՄՍ 23-51 մոդելի բազմաֆունկցիոնալ հսկիչ դրամարկղային մեքենան: Օգոստոսի 31-ի որոշմամբ ներմուծվում են ՀԴՄ-ների նոր տեխնիկական պահանջները, որոնք մասնագետների կարծիքով տարօրինակ զուգադիպությամբ ճիշտ և ճիշտ համընկնում են վերընշված ՀԴՄ-ի տեխնիկական բնութագրիչներին, ապա մեկ ամիս անց կառավարությունը ընդունել է որոշում, որով փաստորեն հարկ վճարողներին պարտավորեցնում է 2013թ. նոյեմբերի 1-ից սկսած՝ գնել ՄՍ 23-51 մոդելի բազմաֆունկցիոնալ հսկիչ դրամարկղային մեքենան: Ընկերության կայքում կան ՄՍ 23 սերիաների տարբեր մոդելներ, բայց օ՜ զարմանք՝ բացակայում է ՄՍ 23-51 մոդելը:

Բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ փորձել են գնել այդ սարքը վերոհիշյալ ընկերությունից, սակայն ստացել են պատասխան, որ այդ սարքի 50 հազարանոց պատվերը եղել է էքսկլյուզիվ միայն մի ընկերության համար»:

Նա հայտնեց նաև, թե Հայաստանում այդ սարքը վաճառվում է պետեկամուտների կողմից տարբեր տրամաչափի բիզնեսների համար 150-200 հազար դրամով: Ըստ նրա՝  նույն գործառույթներով սարքերը կարելի է գնել Չինաստանից 30 դոլարով: «Ստացվում է, որ Կառավարության որոշումների շնորհիվ ինչ-որ առեղծվածային հայկական ընկերություն ստացել է ՀԴՄ շուկայում մոնոպոլիայի իրավունք և գործարարների վրա դրվում է քսանից-երեսուն մլն դոլարի բեռ, որը որպես գերշահույթ կստանա այդ առեղծվածային ընկերությունը»,- նշեց նա՝ ավելացնելով, որ սա ակնհայտ կոռուպցիոն գործարք է, որը ՀՀ բնակչության հաշվին հարստացում է մերձավորներին:

Ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն էլ ասաց, թե որևէ առեղծվածային ընկերություն չկա. «Դա պետական ՊՈԱԿ է, չկա որևէ առեղծվածային մասնավոր ֆիրմա, և պետությունը, այո, 50.000 պատվեր է տվել այդ ընկերությանը»:

Նախարարը հավաստիացրեց, որ եթե հնարավոր լիներ նման տեխնիկական բնութագրերերով ՀԴՄ-ներ ձեռք բերել ավելի էժան գնով, ապա որևէ սահմանափակում չէր լինի այդ հարցում:

Լևոն Զուրաբյանը, սակայն, դժգոհ մնաց նախարարի պատասխանից. «Որ ասում եմ անհեթեթ պատասխաններ եք տալիս՝ նեղանում եք: Կոնկրետ բան է ասված՝ կառավարությունը սահմանել է հենց այնպիսի տեխնիկական բնութագրիչներ, որ այլ սարք հնարավոր չլինի գնել: Ավելին՝ այդ սարքի մոդելը, որը կառավարությունը հաստատել է, անգամ չկա այդ ընկերության կայքում և որևէ գործարար չի կարողանում գնել այն: Իսկ Դուք ասում եք՝ եթե կարող են ավելի էժան… Կառավարությունը թույլ չի տալիս ավելի էժան սարք առնել»:

Նա նաև հավելեց, որ ընկերությունը չի բացահայտում, թե հայկական որ ընկերությունն է գնել իրենց այդ սարքը. «Հիմա Դուք ինձ ուզում եք համոզել, որ դա եղել է պետությո՞ւնը: Շատ լավ, այդ դեպքում, ինչո՞ւ է այդ գործարքն այդպես կատարվել, որ քսանից-երեսուն տոկոս բեռ է ընկնում գործարարների ուսին»,- հետաքրքրվեց ՀԱԿ պատգամավորը:

Նախարարն էլ արձագանքեց, թե ՀՀ-ի կողմից կա էքսկլյուզիվ պատվեր, և շնորհիվ պատվերի քանակի՝ գինը նվազել է: Նրա փոխանցմամբ՝ եթե լինի որևէ մեկ սուբյեկտ, որը կկարողանա արտադրել, ներմուծել նման տեխնիկական բնորոշիչներով սարք մեկ այլ ընկերությունից՝ որևէ սահմանափակում չի դրվի:

Տեսանյութեր

Լրահոս