
ՌԴ Պետդումայում է հայտնվել ամերիկյան դոլարի մուտքն ու պահպանումն արգելող օրինագիծ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր, Մոսկվայի քաղաքապետի նախկին թեկնածու Միխայիլ Դեգտյարևը խորհրդարանի օրակարգ է մտցրել Ռուսաստանում ամերիկյան դոլար մուտք գործելն ու պահպանելն արգելող օրինագիծ:
Օրինագծով նախատեսվում է դրա հաստատումից սկսած՝ մեկ տարվա ընթացքում փակել քաղաքացիների դոլարային հաշիվները կամ դոլարը փոխանակել այլ արժույթով: Հակառակ դեպքում բանկերը պարտավոր են դոլար վաճառել դեպոզիտային հաշվեհամարներից նախորդ տարվա միջին փոխարժեքով:
Արգելվելու է նաև կանխիկ դոլարի շրջանառությունը, եթե Ռուսաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվի դոլար, ապա այն կառգրավվի, իսկ 30 օրվա ընթացքում դրա նախկին տիրոջը կվերադարձվի տվյալ գումարի չափով ռուսական ռուբլի: Չի նախատեսվում կանխիկ դոլար հայտնաբերելու համար հատուկ միջոցառումների անցկացում:
Դոլարի մուտք գործելու արգելքը չի առնչվելու Կենտրոնական բանկին, Պաշտպանության նախարարությանն ու ԱԳՆ-ին, Արտաքին հետախուզական ծառայությանը, Անվտանգության դաշնային ծառայությանը, Դաշնային գանձապետարանին: