
Վրաստանի ու Թուրքիայի միջև կառուցվել է նոր էլեկտրահաղորդագիծ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երեկ ավարտվել է Վրաստանի ու Թուրքիայի միջև նոր (Ախալցխա-Բորչհա) էլեկտրահաղորդագծի և Ախալցխա-500 ենթակայանի կառուցումը, որի շնորհանդեսը տեղի է ունենալու ընթացիկ տարվա դեկտեմբերին:
Այս մասին հայտարարել է Վրաստանի էներգետիկայի նախարարությունը: Ախալցխա-Բորչհա էլեկտրահաղորդագծի հզորությունը կազմում է 400 կիլովոլտ: Դրա կառուցման մասին պայմանագիրը կողմերի միջև ստորագրվել է 2012 թվականի հունվարի 20-ին:
Ախալցխա-Բորչհա էլեկտրահաղորդագիծը կառուցվել է սևծովյան էլեկտրահաղորդագծերի նախագծի շրջանակներում, որը միմյանց է կապելու Վրաստանի ու Թուրքիայի էներգոհամակարգերը: Տվյալ էլեկտրահաղորդագծի միջոցով հնարավոր կլինի Թուրքիա արտահանել 700 մեգավատտ էլեկտրաէներգիա: