Տիգրան Կարապետյան. «ԵԽ ԽՎ-ում Փոստանջյանի հնչեցրած հարցը և ընդդիմադիր ուժերը շինծու են»

«Ժողովրդական կուսակցության» (ԺԿ) նախագահ Տիգրան Կարապետյանն այսօր հրավիրված ասուլիսում անդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությանը՝ հայտարարեց. «Ընդդիմությունը շինծու է, բոլոր նախկին ընդդիմադիրներն այժմ կանգնած են իշխանությունների կողքին, օրինակ՝ Արշակ Սադոյանը, Վազգեն Մանուկյանն ո՞ւր են հիմա, յուրաքանչյուրը կցված է մի օլիգարխի… Մենք լավ հասկանում ենք վիճակը, ով դեմ է իշխանություններին՝ նա պատժվում է և դուրս քշվում երկրից»:

Լրագրողներից մեկը հարցրեց, արդյո՞ք Տ. Կարապետյանը կհնչեցներ այն նույն հարցը, ինչ Զարուհի Փոստանջյանը հնչեցրեց սեպտեմբերի 3-ին ԵԽ ԽՎ լիագումար նիստում՝ կազինոներում խաղալու մասին: Բանախոսը պատասխանեց. «Կհնչեցնեի, եթե ունենայի փաստեր: Փոստանջյանի հարցը շինծու էր. պատկերացրեք, որ Հանրապետականի (Հանրապետական կուսակցության.- Ռ.Մ.) պատգամավորն իր հարցի իրավունքը զիջում է ընդդիմադիր գործչին: Ըստ Փոստանջյանի՝ նախագահը պարտվել է ՊԵՏԱԿԱՆ գումար, որը համարվում է հանցագործություն: Երբ Զարուհին վերադարձավ Հայաստան, գլխավոր դատախազը պետք է անպայման առաջադրեր մեղադրանք, ինչը չեղավ: Սա Հանրապետական կուսակցության համար ոչ թե խայտառակություն էր, այլ ժողովրդավարություն կառուցելու քայլ»:

Իր ապագա անելիքների մասին խոսելով՝ Տ. Կարապետյանն ասաց, որ դեռ չի տեսնում այն քաղաքական ուժը, որի հետ կարելի է միավորվել, իսկ երբ ժողովուրդը ոտքի կանգնի՝ նա կլինի նրանց կողքին: Տիգրան Կարապետյանը զարմացավ, թե ինչո՞ւ է ժողովուրդը մինչև հիմա լռում:

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս