
Իրանը տեսանելի ապագայում ատոմակայանների էներգաբլոկներ կկառուցի Պարսից ծոցի և Կասպից ծովի ափերին

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ իրանական ատոմակայանների նոր էներգաբլոկների մեծ մասը տեսանելի ապագայում կառուցվելու է Պարսից ծոցի և Կասպից ծովի ափերին: Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին:
Վերջինիս խոսքերով՝ նոր էներգաբլոկների մի մասն էլ կառուցվելու է երկրի կենտրոնական հատվածում: Սալեհին ընդգծել է, որ Իրանը հուսով է տվյալ ոլորտումն ակտիվորեն համագործակցել Ռուսաստանի հետ: Սալեհին հույս է հայտնել, որ արդեն հաջորդ տարի Իրանի տարածքում ռուսական օգնությամբ կսկսվեն աշխատանքներ տարվել նոր ատոմակայանի կառուցման ուղղությամբ:
Սալեհին հավելել է, որ նոր ատոմակայանների կառուցման վայրերի ընտրությունը պայմանավորված է զգալի քանակությամբ ջրային պաշարների ապահովմամբ: Ավելի վաղ Իրանի պաշտոնատար անձինք քանիցս հայտարարել են, որ մտադիր են մինչև 2020 թվականը երկրի ատոմակայանների հզորությունը հասցնել մոտ 20.000 մեգավատտի: