Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Forbes-ի կողմից իրեն աշխարհի ամենաազդեցիկ մարդ ճանաչելը
Հարավկորեական KBS հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է հոկտեմբերի վերջին Forbes պարբերականի կողմից իրեն աշխարհի ամենաազդեցիկ մարդ ճանաչելը.
«Ես շնորհակալ եմ Forbes-ի փորձագետներին, սակայն դրան վերաբերվում եմ հետևյալ կերպ: Նախևառաջ դա մշտապես զգաստացնում է, քանի որ մի փոքր սահմանափակում է, այսպես ասենք՝ կարող է սահմանափակել որոշումներ ընդունելը:
Դրա հետ կապված կարող եմ ասել, որ այսօր որպես այդպիսին ճանաչվում է մեկ առաջնորդ, իսկ վաղը՝ մեկ ուրիշը, վաղը չէ, մյուս օրը՝ երրորդը: Դա նորմալ է, փորձագետները զբաղվում են իրենց աշխատանքով, սակայն ես նախընտրում եմ քիչ ուշադրություն հատկացնել դրան, քանի որ հակառակ դեպքում դա կսկսի ազդել որոշումներ ընդունելու վրա: Դա կլիներ մեծապես ցավալի»:
Վլադիմիր Պուտինը երեկ ժամանել է Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլ: Նշվում է, որ Ռուսաստանի ու Հարավային Կորեայի միջև ոչ վիզային ռեժիմը սկսելու է գործել 2014 թվականի հունվարից: