
Թուրքիան միացել է «Վիկինգ» երկաթուղային նախագծին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան միացել է «Վիկինգ» միջազգային բեռնարկղային գնացքի նախագծին: Նոր երթուղով, որը Բալթիկ ծովի ափին ընկած Լիտվայի Կլայպեդա նավահանգստից ձգվում է մինչև Մարմարա ծովի ափին ընկած Թուրքիայի Թեքիրդաղ նավահանգիստ, առաջին փորձնական երթը պետք է իրականացվի 2014 թվականի փետրվարի 1-ին:
Բեռնափոխադրման մասին համապատասխան երկկողմ համաձայնագիրը Վիլնյուսում ստորագրել են «Լիտվայի երկաթուղիներ» ընկերության և թուրքական BALO տրանսպորտային ընկերության ներկայացուցիչները: Պլանավորված է նոր երթուղում կանոնավոր (շաբաթական մեկ անգամ) փոխադրումներ սկսել հաջորդ տարվա հուլիսից:
10 տարի առաջ գործարկված «Վիկինգ» նախագիծը հանդիսանում է Լիտվայի, Բելառուսի և Ուկրաինայի համատեղ նախագիծը: Ցայժմ «Վիկինգը» բեռնափոխադրումներ է իրականացրել Կլայպեդայից դեպի Սև ծովի ափին ընկած ուկրաինական Իլիչևսկ նավահանգիստ: 1734 կիլոմետրանոց ճանապարհը հաղահարելու համար անհրաժեշտ է 52 ժամ:
Դրանից հետո նախագծին միացել են Բուլղարիան ու Ռումինիան, ինչը ցամաքային միջանցք բացեց դեպի Թուրքիա: