Սիրիական ազատ բանակը նախապայմաններ է առաջ քաշել «Ժնև 2»-ին իր մասնակցության համար
Al-Jazeera հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ընդդիմադիր Սիրիական ազատ բանակը նախապայմաններ է առաջ քաշել՝ Սիրիական ճգնաժամի կարգավորմանը միտված «Ժնև 2» կոնֆերանսին իր մասնակցության համար:
Սիրիական ազատ բանակի նախապայմանների թվում են Սիրիայի Սահմանադրության գործունեության կասեցումը, Դամասկոսի համաձայնությունը իշխանությունից նախագահ Ասադի հեռանալու վերաբերյալ, բոլոր քաղբանտարկյալների ազատումը, լիբանանյան «Հզբոլլահ» շարժման զինյալների, իրաքյան ու իրանական զորամիավորումների դուրս բերումը Սիրիայից:
Սիրիական ազատ բանակի ղեկավարության կարծիքով՝ «Ժնև 2» կոնֆերանսի նպատակը պետք է դառնա ժամանակավոր կառավարության ձևավորումը, որը լիազորություններ կունենա ղեկավարելու համար բլոր պետկառույցները, այդ թվում նաև բանակը:
Բացի այդ, Ժնևում պետք է նաև ստեղծվի անկախ դատական մարմին՝ դատական գործընթաց անցկացնելու համար այն անձանց հանդեպ, ովքեր հանցանքներ են գործել Սիրիայի ժողովրդի դեմ: Սիրիական ազատ բանակը հայտարարել է, որ սիրիական ընդդիմությունը Ժնևում պետք է հանդես գա միասնական պատվիրակությամբ:
Հեռուստաալիքն ընդգծել է, որ Սիրիական ազատ բանակի առաջ քաշած նախապայմանները գործնականում համընկնում են ավելի վաղ Սիրիայի ընդդիմադիր ու հեղափոխական ուժերի Ազգային խորհրդի առաջ քաշած նախապայմանների հետ: Ընդ որում, իր հայտարարությունում Ազգային դաշինքն ընդգծել էր, որ «Ժնև 2»-ին չի մասնակցի առանց Սիրիական ազատ բանակի, որը հանդիսանում է նրա ռազմական թևը: