280 լիտր ավտոբենզինի գողության մեջ մեղադրվող դասակի հրամանատարի նկատմամբ կիրառվել է համաներում

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել համաներում կիրառել ՊՆ N զորամասի դասակի հրամանատարի նկատմամբ: Նա մեղադրվում էր ավտոբենզինը զորամասից դուրս բելերու և պետությանը նյութկան վնաս պատճառելու մեջ:

Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, Ա. Ստեփանյանին մեղադրանք էր առաջադրվել այն բան ի համար, որ «հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի նորոգման վաշտի 2-րդ դասակի հրամանատար, կոչումով ավագ ենթասպա, 2013թ.-ի փետրվարի 2-ին ժամը 10:00-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ՊՆ N զորամասին ամրակցված ավտոմեքենաների բաքերից գաղտնի հափշտակելու նպատակով 200 լիտր ավտոբենզինը հանել և պահել է զորամասի տարածքում` իրեն վստահված վառած յուղերի պահեստում:
Բացի այդ Ա. Ստեփանյանը 2012թ.-ի սեպտեմբերից մինչև 2013թ.-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում զորամասի նորոգման վաշտին ավտոմեքենաների տեխսպասարկման և դետալների լվացման նպատակով հատկացված ավտոմեքենաների կոշտ զտիչներից գաղտնի հափշտակելու նպատակով հանել և զորամասի տարածքում` իրեն վստահված վառած յուղերի պահեստում պահել է ևս 80 լիտր ավտոբենզին: Նշված 280 լիտր ավտոբենզինը Ա. Ստեփանյանը 2013թ.-ի փետրվարի 11-ին, ժամը 11:30-ին իր վարած  ավագ լեյտենանտ Մ. Մարտիրոսյանի ավտոմեքենաներով գաղտնի դուրս է հանել զորամասի տարածքից` Հայաստանի հանրապետությանը գողությամբ պատճառելով զգալի չափի, 137200 ՀՀ դրամի նյութական վնաս»:

Ըստ Datalex-ի՝ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել քրեական գործը համաներման հիմքով կարճելու մասին: Դատարանը հիմք ընդունելով «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 03.10.2013թ. որոշման 5 կետի 2-րդ ենթակետը, որոշել է Ա. Ստեփանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճել և քրեական հետապնդումը դադարեցնել: Դատարանը որոշել է նաև, որ բենզինը պետք է հանձնվի զորամասի տնօրինմանը:

Տեսանյութեր

Լրահոս