Գուրգեն Արսենյանը նեղացա՞ծ է ԲՀԿ-ից
Շրջանառվող լուրերի համաձայն` ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Միավորված աշխատանքային» կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը «նեղացած» է ԲՀԿ-ից և այլևս սկզբունքային հարցերում չի սատարում կուսակցության գաղափարները: Սակայն Գուրգեն Արսենյանը 168.am-ի հետ զրույցում հերքեց այդ տեղեկությունները՝ ասելով. «Շատ դժվար է քաղաքականության մեջ տալ նեղացած լինելու ձևակերպումը»: Արսենյանը հորդորեց նաև այդ հարցն ուղղել նրանց, ովքեր նման գնահատակններ են տալիս. «Ասողներին պետք է դիմեք, որովհետև դա ինչ-որ մարդկանց մեկնաբանություն է, որը չի համապատասխանում մեր թե կարգավիճակին, թե վերաբերմունքին: Եթե որևէ տարակարծություն կա հասարակության մեջ, տեղեկացնեմ, որ ԲՀԿ-ի որդեգրած դիրքորոշումների հետ որևէ սկզբունքային հակասություն չունեմ»:
Դիտարկմանը, թե որպես պատճառ հիշատակվում է այն, որ իրեն խոստացել էին Երևանի քաղաքապետի պաշտոնը, Գուրգեն Արսենյանն այսպես արձագանքեց. «Երևանի քաղաքապետի պաշտոնը կուսակցության կողմից տրվող պաշտոն չէ, այլ` Երևանի քաղաքացիների: Եթե առաջնորդվեմ այս տրամաբանությամբ, ուրեմն պետք է նեղանամ Երևանի քաղաքացիների՞ց: Երևանի քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը և ապրում են այդ իշխանության հետ»:
Նկատառմանը, թե Արարատի ընտրություններին էլ Դուք ԲՀԿ-ականնների կողքին չէիք, նա այսպես մեկնաբանեց. «Երևանի ավագանու ընտրություններին միասնական ծրագիր էր, իսկ Արարատի քաղաքապետի ընտրություններում առաջադրվել էր ԲՀԿ-ի թեկնածուն, և բացի իմ անձնական, ջերմ ցանկություններից, «Միավորված աշխատանքային» կուսակցության անդամներին տրված կուսակցական հրահանգից, որ քվեարկեք այդ թեկնածուի օգտին, ուրիշ ի՞նչ պետք է լիներ: Մենք ունենք ընդհանուր քաղաքական գիծ և ունենք որոշակի հարցերում որոշակի դիրքավորում: Որոշ հարցերում մեր կարծիքն ավելի կարծր է, ավելի քիչ կոմպրոմիսի տեղ ունի ու ես իմ քվեարկություններով իրականացնում եմ իմ սկզբունքներին հավատարիմ քաղաքականություն: Որ օրինակ այլ երկրի քաղաքացիները կարող են լինել կառավարության անդամ՝ «Միավորված աշխատանքային» կուսակցությունը կտրականապես դեմ է այս հարցին»: