
Ռուսաստանը ներողություն և փոխհատուցում է պահանջում Լեհաստանից (տեսանյութ)

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանը Լեհաստանի իշխանություններից պահանջել է ներողություն խնդրել և փոխհատուցել Վարշավայում գտնվող Ռուսաստանի դեսպանատան կրած վնասը: Երեկ Լեհաստանում նշել են Անկախության օրը, և դրա հետ կապված՝ ազգայանական կազմակերպությունների ներկայացուցիչներն ավանդաբար կազմակերպում են «Անկախության երթ»:
Երթին մասնակցել է մոտ 50.000 մարդ: Երթի մասնակիցները երեկ հարձակվել են Ռուսաստանի դեսպանատան վրա՝ նետելով պայթուցիկներ, շշեր և այլն: Այս ամենի հետ կապված՝ Մոսկվայում Լեհաստանի դեսպան Վոյցեհ Զայոնչկովսկին կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ, ուր և նրան վճռական բողոք է հայտնվել տեղի ունեցածի կապակցությամբ: Դեսպանին հայտնել են, որ Ռուսաստանն անթույլատրելի է համարում հետագայում նման սադրանքների գրանցումը: