
Ֆիլիպիններին հարվածած «Հայան» թայֆունն ամենաուժգինն է վերջին 100 տարում. ՄԱԿ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հանգստային օրերին Ֆիլիպիններին հարվածած «Հայան» թայֆունը դարձել է վերջին 100 տարում գրանցված ամենակործանիչ թայֆունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի կոորդինացման վարչության ներկայացուցիչ Ջոն Գինգը.
«Որքանով որ մենք ենք հասկանում, աղետն առնչվել է 9.8 միլիոն մարդու: Իր մասշտաբներով դա վերջին գրեթե 100 տարվա ընթացքում ամենաուժգին թայֆունն է: Ֆիլիպինների մի շարք շրջաններ ամբողջովին ամայացվել են, առանց տանիքի է մնացել մոտ 600.000 մարդ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսն արդեն իսկ մեկնել է Ֆիլիպիններ՝ գնահատելու համար երկրում ստեղծված իրավիճակը և գլխավորելու համար թայֆունի հետևանքների վերացմանը միտված միջազգային ջանքերը:
Ամոսն այսօր հայտարարել է, որ ՄԱԿ-ը 25 միլիոն դոլար է հատկացրել Ֆիլիպինների բնակչությանը՝ առաջին անհրաժեշտության ապրանքներ գնելու համար»: