
ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի գոտու վերաբերյալ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերի կեսին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը և ԱՄՆ-ը համաձայնեցրել են ազատ առևտրի գոտի ստեղծելու (TTIP) շուրջ բանակցությունների երրորդ փուլի անցկացման ժամկետն ու վայրը: Այն անցկացվելու է դեկտեմբերի 16-21-ին, Վաշինգտոնում:
Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի մամլո ծառայությունը: Ավելի վաղ բանակցային երկրորդ փուլն անցկացվել էր Բրյուսելում: ԱՄՆ-ն ու ԵՄ-ը հուսով են ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի հաշվին իրենց ՀՆԱ-ն տարեկան ավելացնել 100 միլիարդ դոլարով:
Ներկայումս ԱՄՆ-ն ու ԵՄ-ը հանդիսանում են աշխարհի խոշորագույն առևտրային գործընկերները, նախորդ տարի նրանց միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 646 միլիարդ դոլար:
Ավելի վաղ նշվում էր, որ ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից եվրոպացիներին գաղտնալսելու վերաբերյալ Էդվարդ Սնոուդենի բացահայտումները կարող են վտանգի տակ դնել ազատ առևտրի շուրջ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև ընթացող բանակցությունները: