Գալուստ Սահակյան. Երկու տարին մեկ էլ, որ մի կոստյում առնեմ… ես լրիվ հպարտորեն քայլում եմ
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հավաստիացնում է, որ ինքը «վիլաներ» և շքեղ առանձնատներ չունի, ապրում է մի բնակարանում, որտեղ դեռևս «սովետից մնացած կահույք» է տեղադրված:
Հաշվի առնելով Գալուստ Սահակյանի նկարագրած իրավիճակը՝ 168.am-ը նկատեց՝ այդ դեպքում պետք է ուրախ լինեք, որ նաև Ձեր, աշխատավարձն է բարձրանալու: Ի պատասխան, սակայն, Գալուստ Սահակյանն ասաց. «Ես ուրախանալու պայման չեմ տեսնում: Ես ուրախ եմ, որ ոչ թե անձերը պետք է որոշեն աշխատավարձը, այլ օրենքը: Բայց շատերը սա փորձում են շահարկել: Իսկ օրենքում ներառված են քաղծառայողներ»:
Հարցին, թե աշխատավարձի բարձրացումից հետո Ձեր կենսակերպում որևէ փոփոխություն կլինի՞, նա այսպես պատասխանեց. «Իմ ապրելակերպում փոփոխություն չի լինի, նաև մյուսների կյանքում էլ չի լինի, որովհետև պատգամավորը նաև ինքն իրեն է սպասարկում: Ի՞նչ փոփոխություն պիտի լինի»:
Մեր դիտարկմանը, թե գուցե ավելի թանկ հագուստ կրեք, ավելի թանկ ռեստորաններ հաճախեք, նա այսպես պատասխանեց. «Ես թանկ հագնվելու խնդիր չունեմ, որովհետև ներկայիս կոստյումն արդեն երեք տարեկան է, իսկ կոստյումներ ունեմ, որ 8-9 տարեկան են: Այնպես որ՝ երկու տարին մեկ էլ, որ մի կոստյում առնեմ… ես լրիվ հպարտորեն քայլում եմ, որովհետև երազներ ունեմ ավելի հարուստ ապրելու, բայց ժամանակ չունեմ»: