Գալուստ Սահակյանը՝ Իշխան Զաքարյանի վիլլայի և իր տանը «սովետից մնացած» կահույքի մասին
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը հայտարարել էր. «Հիմա հըլը ընդդիմության վիլլաները նայեք, թե ընդդիմությունն ինչ վիլլաներ ունի… Բոլորինն էլ նայեք, տեսեք` ինչեր ունեն»: 168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե ընդդիմադիրներից ովքե՞ր, ըստ նրա, «վիլլաներ» ունեն: Գալուստ Սահակյանն անուններ չհնչեցրեց՝ նշելով. «Ես հո գրպանահատ չեմ, որ որոշեմ՝ ով ինչ ունի: Ուրիշի ունեցվածքին մոտենալը խեղկատակություն է, որովհետև մասնավոր սեփականությունը ամենակարևոր արժեքն է պետության յուրաքանչյուր քաղաքացու համար: Դա շահարկելը անհեթեթ է: Վիլլաներով չի կարելի մարդուն մեղադրել: Մարդուն կարելի է մեղադրել ստոր ճանապարհով գումարներ ունենալու մեջ: Իսկ վիլլա ունենալու մեջ ոչինչ կա»:
Գալուստ Սահակյանի համոզմամբ՝ նրանք, ովքեր իշխանության այս կամ այն պաշտոնյային պարբերաբար մեղադրում են «վիլլաներ» կամ շքեղ առանձնատներ ունենալու համար՝ գրպանահատ են և շահարկող: «Պետական պաշտոնյան կարող է պաշտոնատար անձ լինել և բաժնետեր լինել ինչ-որ բիզնեսի կամ ձեռնարկության»:
Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք հատկապես ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի առանձնատնից, քանի որ ՎՊ նախագահի թեկնածության քննարկման ժամանակ ԱԺ-ում պարբերաբար հիշատակվում էր այն: Որտեղի՞ց նրան այդքան գումար՝ մեր հարցին ի պատասխանմ, Գալուստ Սահակյանը նշեց. «Ես չեմ ուզում պատճառներ որոնել: Իշխան Զաքարյանը դա հայտարարագրել է: Դրա համար էլ այդ մասին խոսում են: Եթե զարտուղի ճանապարհով լիներ, զարտուղի ճանապարհով էլ կթաքցվեր»:
Նաև հետքրքրվեցինք՝ արդյո՞ք ինքն էլ ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանի մատնանշած Իշխան Զաքարյանի այն «լավ ընկերների» թվում է, որոնք օգնել են նրան առանձնատուն գնելու հարցում: «Իհարկե, լավ ընկերներ ունի: Ես եթե կարողանայի օգնեի՝ ինձ կօգնեի»,- ասաց նա:
Իսկ մեր այն հարցին, թե այդքան գումար չունե՞ք, նա այսպես պատասխանեց. «Համենայնդեպս, մի օր կտանեմ, իմ տունը կտեսնեք: Իմ տունն ինձ համար ամենաչքնաղ հարստությունն է՝ հին, սովետից մնացած կահույք…»: Դիտարկմանը, թե դիմեք «լավ ընկերներին», թող օգնեն, նա պատասխանեց. «Այ, եթե ես այդ օգնության կարիքը ունենամ, ինձ օրենքը թույլ է տալիս, ես էլ ինչ-որ տեղ բաժնետեր կլինեմ և կօգտվեմ վիլլաներից, բայց դրա ժամանակը ես չունեմ»:
Մեր հարցին, թե չե՞ք նեղվում, որ Իշխան Զաքարյանը շքեղ առանձնատուն ունի, իսկ Ձեր բնակարանում «սովետից մնացած կահույք է», նա այսպես արձագանքեց. «Ոչ, ես դրանից ուրախանում եմ»:
Հարցին, թե ցանկություն չունե՞ք վիլլա ունենանոլու, նա պատասխանեց. «Ցանկություն ունեմ, բայց ժամանակ չունեմ»: Դիտարկմանը, թե փաստորեն ՎՊ նախագահի պաշտոնը շահեկան է, չե՞ք ցանկանա մյուս անգամ առաջադրվել այդ պաշտոնում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Եթե ես դառնալու լինեի՝ վաղու՜ց կդառնայի: Իմ դերակատարությունը շատ բարձր է: Հայաստանում մի պաշտոն կա, որ ոչ մեկ չի կարող ունենալ՝ դա Գալուստ Սահակյան պաշտոնն է»: