Կանանց համար արաբական լավագույն և վատագույն երկրները. Thomson Reuters Foundation
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Կոմորյան կղզիների միությունը ճանաչվել է կանանց համար լավագույն արաբական երկիր: Նման եզրակացության են եկել բրիտանական Thomson Reuters Foundation բարեգործական հիմնադրամի փորձագետները: Հետազոտության արդյունքներն այսօր հրապարակվել են հիմնադրամի կայքում:
Հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ Կոմորյան կղզիներում կանայք զբաղեցնում են նախարարական պաշտոնների 20 տոկոսը: Բացի այդ, նրանք օժտված են ամուսնության հարցում արտոնություններով: Մասնավորապես, ամուսնալուծությունների ժամանակ կանանց է թողնվում անշարժ գույքը:
Կոմորյան կղզիներից բացի, վարկանիշային աղյուսակում բարձր դիրքեր են ստացել Օմանը, Քուվեյթը և Հորդանանը: Հետազոտողների կարծիքով՝ արաբական երկրների թվում կանանց հանդեպ ամենավատը վերաբերվում են Եգիպտոսում: Նրանք եզրակացրել են, որ այդ եկրում շատ բարձր է կանանց հանդեպ բռնություններ գործադրելու մակարդակը:
Բացի այդ, Եգիպտոսում կանայք գործնականում ներկայացված չեն իշխանությունում: Այդ պլանում իրավիճակը վատթարացել է 2011 թվականի հեղափոխությունից հետո: Մինչև Հոսնի Մուբարաքի տապալումը, կանայք Եգիպտոսի խորհրդարանում ունեին 12 մանդատ: Ներկայումս նրանց հատկացված է պատգամավորական տեղերի միայն 2 տոկոսը:
Վարկանիշային աղյուսակում Եգիպտոսին մոտ են գտնվում նաև Իրաքը, Սաուդյան Արաբիան, Սիրիան ու Եմենեը: Thomson Reuters Foundation-ի հետազոտությունն ընդհանուր առմամբ առնչվել է 22 երկրի: Հետազոտությունը հենված է կանանց իրավունքների պաշտպանության գծով ավելի քան 300 փորձագետի շրջանում հարցում անելու վրա: