Մաքսային միությանն անդամակցելուն կողմ է Ուկրաինայի բնակչության 14 տոկոսը. հարցախույզ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ GfK Ukraine կազմակերպությունը երկրի ինտեգրացիոն ընտրության վերաբերյալ հարցախույզ է անցկացրել Ուկրաինայում: Ուկրաինայի բնակիչների մոտ կեսը (45 տոկոս) աջակցում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանը, մինչդեռ Մաքսային միության մեջ մտնելուն կողմնակից է միայն 14 տոկոսը:
Հարցվածների 15 տոկոսը կարծում է, որ Ուկրաինան չպետք է մտնի որևէ միության մեջ: Երկրի ինտեգրացիոն ընտրության հարցում միանշանակ դիրքորոշում ունեցողների 54 տոկոսը վստահ է, որ երկիրը պետք է ստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ հետագայում դառնա ԵՄ-ի լիիրավ անդամ:
Եվս 8 տոկոսը կարծում է, որ Ուկրաինան պետք է ստորագրի Ասոցացման համաձայնագիրը, սակայն չպետք է դառնա ԵՄ-ի անդամ: Հարցախույզն անցկացվել է 2013 թվականի հոկտեմբերի 2-15-ին, արդյունքները հրապարակվել են այսօր: Դրան մասնակցել է 16 տարեկանից բարձր 1000 մարդ: