Ուիլյամ Հեյգը չի բացառել Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցների խստացումը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը երկրի խորհրդարանում չի բացառել, որ Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցները կարող են խստացվել, եթե Իրանի միջուկային ծրագրի շուրջ այդպես էլ ձեռք չբերվի համաձայնագիր.
«Շատ կարևոր է, որ իրանական իշխանությունները հասկանան, որ միջուկային ծրագրի վերաբերյալ ամփոփիչ համաձայնագրի բացակայությունը չի մնա առանց հետևանքների: Եթե ամեն դեպքում չընդունվի այդ փաստաթուղթը, ապա ի հայտ կգա երկրի հանդեպ պատժամիջոցների խստացման հասկանալի հարցը»:
Հեյգը հավելել է, որ հավատում է «Վեցյակի» ու Իրանի միջև Ժնևյան բանակցությունների հաջողությանը: Հեյգն ընդգծել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ նախնական պայմանավորվածության հասնելը հնարավորություն կընձեռի մեղմացնել այդ երկրի հանդեպ սահմանված պատժամիջոցները:
Ժնևում «Վեցյակի» ու Իրանի միջև բանակցությունների վերջին փուլն անցկացվել է նոյեմբերի 7-10-ին: Բանակցային հաջորդ փուլը Ժնևում անցկացվելու է նոյեմբերի 20-ին: