ՀՀԿ-ն բոյկոտեց Զարուհի Փոստանջյանին

ԱԺ-ում քննարկվում է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ Հայաստանը պետք է ճանաչի ԼՂՀ անկախությունը: Բայց նախագծի քննարկման հենց սկզբից խորհրդարանի նիստերի դահլիճը կիսադատարկ էր՝ ներկա էին ԲՀԿ մի քանի պատգամավորներ, ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը և մի քանի ՀՀԿ-ական պատգամավորներ: Հանրապետական կուսակցության բացակայությունը դահլիճում դուր չեկավ հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանին. «Երջանիկ չեմ, որ ՀՀԿ-ականները ներկա չեն»:

Զ. Փոստանջյանը հիշեցրեց, որ 2007 թվականից իրենք առաջարկում են այս քայլն անել, սակայն իշխանությունը միշտ մերժում է: Նրա ելույթի ժամանակ Հանրապետական պատգամավորներից մեկը նկատեց, որ Զ. Փոստանջյանը հուզվում է, որովհետև վերջինս չէր կարողանում շարադրել իր միտքը, ապա հարդորեց. «Մի հուզվեք»:

Փոստանջյանն էլ ասաց. «Ես չեմ հուզվում, բայց բացարձակ երջանիկ էլ չեմ, որ այս հարցի քննարկման ժամանակ պատգմավորները ներկա չեն դահլիճում»:

Ապա ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հետաքրքրվեց՝ արդյոք օրենքի նախագիծը ներկայացնելուց առաջ ինքը ճշտե՞լ է Ղարաբաղի իշխանություններից իրենց դիրքորոշումը տվյալ նախաձեռնության վերաբերյալ: ՀԱԿ պատգամավորը հարցրեց նաև, թե այս դեպքում Ադրբեջանը չի՞ ակտիվացնի իր ռազմական գործողությունները և ավելի հաճախակի չի՞ խախտի հրադադարի ռեժիմը: Ի պատասխան հիմնական զեկուցող Զ. Փոստանջյանն էլ ասաց, թե առանց ԼՂՀ-ի անկախության ճանաչումն ընդունելու էլ այս իրավիճակը չի կարող փոխվել: Ապա, անդրադառնալով ռազմական գործողություններին, նշեց, թե Ադրբեջանը հենց պատրաստ լինի, ունենա անհրաժեշտ զինամթերք կսկսի պատերազմը: «Իսկ Արցախը պետք է լինի առանձին բանակցող կողմ: Այդպես էլ եղել է, ուղղակի հետագայում մեր ապաշնորհ քաղաքականության հետևանքով Արցախը դուրս է մղվել այդ գործընթացից»,- շեշտեց նա:

Զարուհի Փոստանջյանը, սակայն, այդպես էլ չպատասպանեց այն հարցին՝ արդյոք ինքը տեղյա՞կ է՝ ի՞նչ դիրքորոշում ունի այս հարցում ԼՂՀ իշխանությունը, ուստի դահլիճում ներկա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը կրկնեց այդ հարցը:

«ԼՂՀ վետերաների կամ ժողովրդի հետ հանդիպե՞լ եք, տեղյակ եք՝ իրենք ի՞նչ են մտածում։ Եվ հետո, ո՞րն է այս ամեն ինչի իմաստը»,- հարցրեց Շուշան Պետրոսյանը։

Զարուհի Փոստանջյանն էլ ասաց, թե իմաստն այն է, որ «կան մարտահրավերներ, որի առաջ բոլորն են կանգնած և բոլորի պարտքն է անել այնպիսի քայլեր, որոնք բխում են հայ ժողովրդի շահերից»։ Նա վստահեցրեց, թե հանդիպել է ԼՂՀ թե ժողովրդի, թե իշխանության ներկայացուցիչների հետ և նրանց կարծիքին ծանոթ է։

«Նրանք այդ մասին նաև հայտարարել են դեկտեմբերի 10-ին՝ անկախության հանրաքվեով, որն այսօր էլ առկա է և պահանջում են բոլոր հանրապետություներին, այդ թվում նաև ՀՀ-ին՝ ճանաչել ԼՂՀ անկախությունը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս