Փոստանջյանի օրինագիծը կբոյկոտվի
Այսօր ԱԺ երկրորդ նիստի ժամանակ կքննարկվի «Ժառանգություն» խմբակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը: Այս նախագիծը կառավարության և ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ստացել է բացասական եզրակացություն, սակայն, ըստ ԱԺ կանոնակարգի, եթե օրենքի նախագիծը ճանաչվում է հրատապ, ապա այն կարող է քննարկվել ԱԺ քառօրյայի երեքշաբթի օրվա երկրորդ նիստի ընթացքում:
Օրենքի նախագիծն ունի ընդամենը երկու հոդված. առաջին հոդվածով ՀՀ-ն ճանաչում է ԼՂՀ-ն, իսկ երկրորդ հոդվածով՝ օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից: Հիշեցնենք, որ, 2007թ. նման օրենքի նախագիծ ԱԺ օրակարգ էր մտցրել «Ժառանգություն» խմբակցության այն ժամանակվա ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն այն չընդունվեց, քանի որ ՀՀԿ-ականները բոյկոտեցին այդ նախագծի քվեարկությունը:
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ն այս անգամ ևս որոշել է նույնատիպ վարքագիծ դրսևորել և բոյկոտել օրենքի նախագծի քննարկումը՝ թույլ տալով, որ Զարուհի Փոստանջյանը դա անի դատարկ կամ գրեթե դատարկ դահլիճում:
Ըստ ամենայնի, նիստը կբոյկոտեն նաև այլ խմբակցությունների ներկայացուցիչներ, բացառությամբ՝ մեկ-երկու պատգամավորի:
Հանրապետականների տեսակետը շարունակում է մնալ նույնը. Հայաստանը վաղուց է դե ֆակտո ճանաչել ԼՂՀ անկախությունը, իսկ դե յուրե ճանաչումը նպատակահարմար չէ, քանի որ կարող է խանգարել բանակցային գործընթացին:
Այսօր այս դիրքորոշումը կներկայացնի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով ի պաշտոնե պարտավոր է ներկա լինել նիստին և որպես կառավարության ներկայացուցիչ՝ ներկայացնել պաշտոնական տեսակետ օրինագծի վերաբերյալ: