Սեյրան Սարոյանը՝ լրագրողներին. Եթե Վարդան Պետրոսյանի մասին մտածեիք, տենց շուխուր չէիք անի
Այսօր Աժ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դերասան Վարդան Պետրոսյանի հետ տեղի ունեցած միջադեպին, նախ հարցրեց, թե ո՞ւմ մասին է խոսքը. «Ո՞վ ա Վարդան Պետրոսյանը»: Երբ լրագրողները հիշեցրին, որ խոսքը դերասան Վարդան Պետրոսյանի մասին է, նա ասաց. «Պետրոսյանը լավ տղայա, բայց չէ՞որ երկու ախպեր են մահացել, ի՞նչ աներ Ոստիկանությունը, ասա, չէ՞ որ դուք`ժուռնալիստներդ, գնացիք իրանց տուն, նկարեցիք, թե մերը ոնց ա լացում, էլի դուք արեցիք սաղ: Եթե Վարդան Պետրոսյանի մասին մտածեիք, տենց շուխուր չէիք անի»:
Հարցին՝ եթե Վ. Պետրոսյանի փոխարեն ինքը լիներ՝ արդյոք իրեն առողջական վատ վիճակի դեպքում կկալանավորեի՞ն, նա Ս. Սարոյանը պատասխանեց. «Բա ի՞նչ պտի աներ, ինչի ես ո՞վ եմ»:
Նա հավաստիացրեց, թե օրենքի առաջ բոլորը հավասար են: Լրագրողների դիտարկումներին, թե Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պարագայում էլ լրագրողները «շուխուր» հանեցին, բայց ոչինչ չփոխվեց, Սեյրան Սարոյանը կրկին չհիշեց, թե ով է Սուրիկ Խաչատրյանը: Երբ լրագրողները մականունով հիշեցրին, ասացին, որ խոսքը Լիցկայի մասին է, գեներալ պատգամավորն այսպես արձագանքեց. «Ի՞նչ ա արել Սուրիկ Խաչատրյանը, իրանից ի՞նչ եք ուզում, Արտակ Բուդաղյանին ո՞վ էր ասում էթար Խաչատրյանի տան վրա: Դու որ աղջիկ ես, որ հարձակվեն ձեր տան վրա, ի՞նչ կանես, հը՞ն, կպաշտպանե՞ս տունդ, թե՞ չէ»:
Ի դեպ, նկատելի էր, որ այսօր Սեյրան Սարոյանը տրամադրությունը բարձր է: Երբ հետաքրքվեցինք՝ արդյո՞ք բարձր տրամադրության պատճառը Իշխան Զաքարյանի` ՎՊ-ի նախագահի պաշտոնում առաջադրվելն է, Ս. Սարոանը դրական պատասխան տվեց. «Էսօր տրամադրութունս լավն ա, դրա համար խոսում եմ, Իշխանն առաջադրվել ա՝ դրա համար, որովհետև մեր ԵԿՄ վարչության անդամ ա»: