
Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին

Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներն ընդգծել են, որ Թեհրանում բանակցությունների հերթական փուլն անցել է հաջող և արդյունավետ, և որ կողմերին հաջողվել է համաձայնության գալ համատեղ աշխատելու հարցում:
Ստորագրված համաձայնագրի համաձայն, Իրանը երեք ամսվա ընթացքում պետք է 6 կետի շուրջ հաշվետվություն ներկայացնի ԱԷՄԳ-ին: Դա մասնավորապես վերաբերում է Իրանի ուրանային հանքավայր փորձագետների մուտք գործելուն և Արաքի ծանր ջրի արտադրման սարքավորման մասին տեղեկատվություն տրամադելուն:
Բացի այդ, իրանական կողմը պարտավորվել է տվյալներ հատկացնել բոլոր 16 տարածքների մասին, որոնցում ընթանում են ատոմակայանի կառուցման կամ հետազոտական ռեակտորների կառուցման աշխատանքներ:
Համաձայնագիրը ստորագրվել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի և Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհիի հանդիպման արդյունքներով:
Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 11-ին, Վիեննայում: