
Թուրքիան մտադիր է պաշտպանական արդյունաբերության ոլորտում մտնել առաջատար տասնյակի մեջ. Իսմեթ Յըլմազ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը հայտարարել է, որ Թուրքիան մտադիր է առաջիկա շրջանում պաշտպանական արդյունաբերության ոլորտում մտնել լավագույն տասնյակի մեջ աշխարհում:
Յըլմազի խոսքերով՝ որքան ուժեղ է թուրքական բանակը, այնքան շատ երկրներ են ցանկանում համագործակցել պետական մակարդակով: Նա հիշեցրել է, որ 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր զինծառայության ժամկետը 15 ամսից նվազեցվել է 12 ամսվա:
Յըլմազն ընդգծել է, որ Պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ռազմավարական երկրորդ պլանն ավարտվելու է 2016 թվականին, արտահանման ծավալը հասնելու է 2 միլիարդ դոլարի, իսկ ոլորտի շրջանառությունն աճելու է 8 միլիարդ դոլարի:
2012 թվականին շրջանառության ծավալը կազմել է 4.75 միլիարդ դոլար, իսկ արտահանման ծավալը՝ 1.26 միլիարդ դոլար: Թուրքիան աշխարհում ռազմական ծախսերի ցուցանիշով զբաղեցնում է 15-րդ տեղը: