Շահեն Հարությունյան. «Որ դուխս ընկած լիներ, ես ստեղ չէի լինի» (տեսնայութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր մի խումբ քաղաքացիներ երթ են իրականացրել Երևանի մի շարք փողոցներում՝ ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և մյուս կալանավորված անձանց: «Դու հերոս ես, Շանթ» վերտառությամբ պաստառով երթին մասնակցում էր նաև կալանավորված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը: Լրագրողների հարցին արդյոք՝ Շահեն Հարությունյանի «դուխը տե՞ղն է», նա պատասխանեց.
«Որ դուխս ընկած լիներ, ես ստեղ չէի լինի»:
Շ. Հարությունյանը հայտնեց, որ հորը տեսել է միայն դեպքի օրը՝ նոյեմբերի 5-ին՝ քաղմասում, կես րոպեով. այդ ընթացքում է միայն խոսել նրա հետ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին մաշտոցի պողոտայից ոստիկանությունը բերման էր ենթարկել 38 անձի, որոնցից 20-ին ձերբակալել էր: Երեկ 6 հոգի ևս ազատ են արձակվել, իսկ 14-ի մեղադրանք են առաջադրել: Մեղադրանքն առաջադրված է հիմնականում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ ձերբակալված 20 անձանց բնակարաններում խուզարկություններ են կատարվել, բոլոր ձերբակալվածների նկատմամբ նշանակվել է տոքսիկոքիմիական փորձաքննություն: