 
                        ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմական հետախուզությունը ժամանակավորապես զրկվել է ղեկավարությունից
 
                                    Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունը ժամանակավորապես զբաղեցրած պաշտոններից հեռացրել է երկու ծովակալի, որոնց կասկածում են մասշտաբային կոռուպցիոն սխեմային մասնակից լինելու մեջ:
Հետաքննության տվյալներով՝ ռազմածովային ուժերի հետախուզական վարչության պետ, փոխծովակալ Թեդ Բրենչը և ռազմածովային ուժերի ռազմական գործողությունների հետախուզական ապահովման վարչության պետ, դերծովակալ Բրյուս Լավլեսը մինչև տվյալ պաշտոնները զբաղեցնելը մասնակցել են սինգապուրյան ընկերության մասնակցությամբ ապօրինի կոռուպցիոն սխեմայի:
Սինգապուրյան այդ ընկերությունն ԱՄՆ ռազմածովային ուժերի համար կատարել է ռազմանավերի սպասարկում: Պատվերների դիմաց ընկերությունը կասկածյալներին հատկացրել է զբոսաշրջային թանկարժեք ծառայություններ, մարմնավաճառներ և դրամական պարգևատրումներ: Ավելի վաղ սինգապուրյան ընկերության գործով արդեն իսկ կալանավորվել է երեք բարձրաստիճան զինվորական, որոնց նկատմամբ դեռ մեղադրանք չի ներկայացվել:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        