Հովհաննես Սահակյան. Եթե ձեր նախագահին վիրավորում են, դուք պարտավոր եք նաև հակադարձել
Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ՀԱԿ խբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանի և ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել:
168.am-ի հետ զրույցում՝ պարզաբանելով ստեղծված իրավիճակը, Հովհաննես Սահակյանն ասաց. «Ես ասեցի Լյովիկ, որովհետև եթե տարրական գրագիտությունը մարդկանց չի ներում, որ պետք է ասեն… եթե տարրական մոտեցում չունեն երկրի նախագահի ինստիտուտի հանդեպ, ոչ թե անձի վերաբերյալ, ես նորից իմ կարծիքին ու տեսակետին եմ, որ իմ պատասխանը ոչ լինելու է մեկը, այլ հարյուրը: Որևէ բարոյական իրավունք չունեն վարվելու նման ձև որևէ հարթության մեջ»:
Հովհաննես Սահակյանը նշեց, որ եթե Լևոն Զուրաբյանը Սերժ Սարգսյանին դիմում է «Սերժիկ»-ով», ապա դա նշանակում է, որ պատգամավորը վիրավորում է նախագահին: «Եթե ձեր նախագահին վիրավորում են, դուք պարտավոր եք նաև հակադարձել, որովհետև խոսում ենք այդ գաղափարի, սիմվոլի մասին, այլ ոչ թե անձի: Ակնհայտ երևում է, երբ «Սերժիկ, հեռացիր» պաստառների մասին օրինակ է բերում: Կարող էր չէ՞ այլ օրինակ բերել, բայց չարեց… դրա համար էլ ստացավ պատասխան, որը չեմ կարծում, որ ավել էր կամ պակաս»:
Իսկ Լևոն Զուրաբյանն էլ մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով միջադեպին, նշեց, որ Հովհաննես Սահակյանի պահվածքը ցույց է տալիս, որ ՀՀԿ-ականները նեղանում են «Սերժիկ» դիմելաձևից:
«Ինձ համար սա տարօրինակ է, որ նեղվում են: Նախ, ես խոսում էի հանրահավաքների մասին, օրինակ բերեցի կարգախոսը: Հետո մենք այդ անունը տեսել ենք բազմաթիվ հրապարակված փաստաթղթերում. Ծնողները այդ անունը տվել են: Այո, տրվել է, ժամանակին անունը փոխվել է, բայց տրվել է իր ծնողների կողմից: Եվ զարմանալի է, որ փաստաթղթերով արձանագրված անվան համար նեղվածություն առաջացավ ՀՀԿ-ականների մեջ: Փորձում են հակադարձել, ինչը ցույց է տալիս իրենց նեղվածության աստիճանը: Ես սա չեմ հասկանում, որ նեղանում են իրենց լիդերի ծնողների կողմից դրված անվան համար: Ես երբեք չէի աղավաղի որևէ մեկի անունը, եթե չիմանայի, որ փաստաթղթերով հրապարկված անուն է, ծնողների կողմից տրված անուն է»,- հավելեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը: