Վարչապետը պատրաստվո՞ւմ է դատի տալ «Ժողովուրդ» օրաթերթին
«Հայկական ժամանակին» երեկ հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դատի տալ «ժողովուրդ» օրաթերթին եւ նրանից մեծ գումար պահանջել։ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը մասամբ հաստատել է այս տեղեկությունը։ «Մենք «ժողովուրդ» օրաթերթի մի քանի հրապարակումների վերաբերյալ հերքումներ ենք ուղարկել, որոնք դեռ չեն տպագրվել։ Եթե չտպագրվեն ընդհանրապես, մենք կորոշենք մեր անելիքները»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է Բերբերյանը։ «ժողովուրդ» օրաթերթն իր այդ հրապարակումներում պնդել է, որ վարչապետին են պատկանում մի քանի բիզնեսներ, իսկ վերջինս հերքում է դա։ Ըստ որոշ տեղեկությունների, վարչապետը պատրաստվում է թվով չորս հայց ներկայացնել եւ յուրաքանչյուրով 1.5 միլիոն դրամ գումար պահանջել։ Ինչպես կզարգանան իրադարձությունները, կերեւա առաջիկայում։ «ՀԺ»-ն իր կողմից նշում է, որ ՀՀ վարչապետին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներին կասկածել այլ բիզնեսներ ունենալու մեջ, պարզապես միամտություն է։ Բոլորը գիտեն, որ նրանք ապրում են չոր աշխատավարձով, ու հենց դա է պատճառը, որ հաջորդ տարի որոշել են բարձրացնել իրենց աշխատավարձերը, որ կարողանան գո֊նե մի երկու կոպեկ ետ գցել էրեխեքի համար։
Կարդացեք «Հայկական ժամանակի» այսօրվա համարում: