
ՀՀԿ-ի թեկնածուն քարոզչության վրա կրկնակի ավելի գումար է ծախսել

pastinfo.am –ի փոխանցմամբ` Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի նոյեմբերի 10-ին կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցված քաղաքապետի երկու թեկնածուների կողմից նախընտրական հիմնադրամների մուտքերի և ծախսերի մասին հայտարարագրերին կից ներկայացված՝ նախընտրական հիմնադրամներից ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ուսումնասիրության և բանկերի կողմից ներկայացված տեղեկանքների հետ դրանց համադրման արդյունքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն օրենսդրությամբ քարոզչության ֆինանսավորումը կանոնակարգող նորմերի խախտումներ չի հայտնաբերել: Այս մասին հայտնել է վերոհիշյալ ծառայության պետ Սևակ Հովհաննիսյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից առաջադրված նույն կուսակցության անդամ, «Արարատցեմենտ» ՓԲԸ արտադրության պետ Սամվել Բարսեղյանի նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 448 հազար դրամ, որից ծախսվել է 441 հազար 260-ը: Մնացորդը՝ 6 հազար 740 դրամ: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված անկուսակցական, Արտաշատի «Արարատյան ավտոկայան» ՍՊԸ տնօրեն Հայկ Հայկյանի նախընտրական հիմնադրամի մուտքերը կազմել են 880 հազար դրամ, ծախսերը՝ 860 հազար 5 դրամ, մնացորդը՝ 19 հազար 995 դրամ: