Էլինար Վարդանյան. Եղել է անհասկանալի իրավիճակ, գործադրվել են փայտեր, պայթուցիկ նյութեր, չգիտեմ ինչեր…
168.am-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանից հետաքրքրվեց՝ արդյոք Շանթ Հարությունյանի և իր թիմակիցների կատարած գործողությունների համար նախատեսված Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածը համարժե՞ք է: Ի պատասխան Էլինար Վարդանյանն սասց, թե այս պահին որևէ մեկնաբանություն տալ չի կարող, որովհետև ունի անպատասխան շատ հարցեր:
«Եղել է անհասկանալի իրավիճակ, երբ գործադրվել են փայտեր, պայթուցիկ նյութեր, չգիտեմ ինչեր… ոչ ադեկվատ գործողություններ: Դրա համար որևէ գնահատական հնչեցնելուց առաջ ես պետք է հասկանամ՝ իրականում ի՞նչ է եղել, որոնք են եղել դեպքերի տրամաբանությունը, որովհետև շատ շատերի համար հասկանալի չէ»,- նշեց նա` ավելացնելով, որ իրենք, այնուամենայնիվ, ՄԻՊ գրասենյակի հետ համատեղ զբաղվում են բերման ենթարկվածների խնդիրներով՝ հաշվի առնելով, որ այդ թվում եղել են նաև անձինք, ովքեր անմիջական մասնակցություն չունեն միջադեպին:
Հարցին, թե Ձեզ համար տարօրինակ չէ՞ր, որ ոստիկանությունը՝ իմանալով հեղափոխության մտադրության մասին, նախքան ակցիան՝ տեսնելով ակտիվիստների ձեռքին փայտեր, պայթուցիկներ որևէ քայլ չի իրականացրել կանխելու համար, Էլինար Վարդանյանը պատասխանեց. «Այս դեպքում ևս մի փոքր ձեռնպահ կմնամ գնահատականներ տալուց: Բայց՝ այո, առանձին դեպքերում կանխարգելման ֆունկցիան ոչ լիարժեք է կատարվել: Պետք է սպասեմ, որովհետև ինձ համար այդքան էլ պարզ չէ` ինչ է կատարվել, որքան գուցե շատ շատերի համար»: