
Լյուդմիլա Սարգսյան. ՀԱԿ-ը դեմ է քվեարկելու Իշխան Զաքարյանին

Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի համար Վերահսկիչ պալատի գոյությունն անիմաստ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը` անդրադառնալով հունիս ամսին խորհրդարանին ներկայացրած Իշխան Զաքարյանի աղմկահարույց բացահայտումներին, որոնք այդպես էլ մնացին անպատիժ:
«Ի. Զաքարյանը, այո, որպես մարդ կարող է այդ բացահայտումներն անել, բայց մենք չենք տեսնում այդ բացահայտումների արդյունքում պատժված մարդկանց: Հետևաբար՝ ինձ համար անձամբ այդ ինստիտուտի գոյությունն անիմաստ է. եթե բացահայտումները արվում են և արդեն համապատասխան մարմինները կոծկում են այդ բացահայտումները, դա լրացուցիչ միջոց է գումարներ շորթելու համար»:
Դիտարկմանը, թե սա ՀԱԿ խմբակցության տեսակե՞տն է թեկնածու Իշխան Զաքարյանի վերաբերյալ, Լյուդմիլա Սարգսյանն ասաց. «Քվեարկության մասով խմբակցոթյունը դեմ է քվեարկելու, իսկ մնացած մասով` ես իմ կարծիքն եմ արտահայտում»:
Ի դեպ, այսօր Իշխան Զաքարյանը հանդիպել է ՀԱԿ խմբակցության հետ: հետաքրքրքվեցին, թե ի՞նչ էին շուրջ 30 րոպե զրուցում: Ի պատասխան Լյուդմիլա Սարգսյանը կատակեց. «Եղանակից, քաղբանտարկյալներից, հետագա քաղաքական զարգացումներից»: Նա ասաց նաև, թե որոշ բացահայտումներ Ի. Զաքարյան կրկին կներկայացնի՝ «ավելի մեղմ տարբերակով»:
Ի դեպ, Ի. Զաքարյանի հետ հանդիպումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է ՀԱԿ խմբակցությունը քվեարկելու Իշխան Զաքարյանի թեկնածությանը, նա ասել էր, թե իրենք քննարկել, որոշել, բայց տեսակետ կարտահայտեն լիագումար նիստում: