Բաժիններ՝

Հայոց ցեղասպանության 100-ամյակի և Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը ԵՀԽ համաժողովին

Հարավային Կորեայի Բուսան քաղաքում ընթացող Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի 10-րդ համաժողովին քննարկվեցին և որդեգրվեցին մի շարք բանաձևեր:

Նոյեմբերի 6-ի նիստում «Պետականազուրկ ժողովուրդների իրավունքի մասին» հայտարարության քննարկման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսության պատվիրակության կողմից բարձրացվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ ու անկախ ապրելու իրավունքի պաշտպանության հարցը: Պատվիրակությունը կոչ արեց ԵՀԽ-ին դատապարտելու այս հարցի առնչությամբ աշխարհում կիրառվող երկակի չափանիշները:

Նույն օրը համաժողովի շուրջ 345 եկեղեցիների 3000 պատվիրակներն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ընդունեցին հատուկ բանաձևը, որն արդյունքն էր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի պաշտոնական դիմումների, ինչպես նաև ԵՀԽ Կենտրոնական կոմիտեում Հայ Եկեղեցու նվիրակների հետևողական աշխատանքի:

Նշյալ բանաձևով որոշվեց`

  1. 2015 թ. ապրիլի 24-ի շրջանին Ժնևում կազմակերպել միջազգային կոնֆերանս Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի անդամ Եկեղեցիների, միջազգային զանազան կազմակերպությունների, իրավաբանների, իրավապաշտպանների մասնակցությամբ:
  2. Սույն միջազգային կոնֆերանսին զուգընթաց կազմակերպել միջեկեղեցական աղոթք Ժնևի Մայր տաճարում:
  3.  Միջազգային կոնֆերանսի օրերին հրավեր ուղղել աշխարհի բոլոր Եկեղեցիներին` աղոթել հայոց նահատակների համար:

Բանաձևը, որ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ վերահաստատեց 1983 թ.-ին ընդունած ԵՀԽ դիրքորոշումը, նշանակալի ձեռքբերում էր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում:

Նոյեմբերի 6-ի նիստերից մեկում տեղի ունեցավ նաև ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի ընտրությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսության երկու պատվիրակներ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանը և Փոլա Տեր-Մաթոյանը վերընտրվեցին ԵՀԽ Կենտրոնական կոմիտեի անդամ:

Մայր Աթոռ Ս. Էջմիածին
Տեղեկատվական համակարգ    

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս