
Իշխան Զաքարյանը շրջում է ԱԺ-ում

Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերաառաջադրված Իշխան Զաքարյանն այսօր հանդիպումներ ունեցավ խորհրդարանական ԲՀԿ, ՕԵԿ, ՀԱԿ և «Ժառանգություն» խմբակցությունների հետ: Ինչպես առավոտյան, այնպես էլ հանդիպումներից հետո, Իշխան Զաքարյանը նախընտրեց չպատասխանել լրագրողների հարցերին: Շրջելով ԱԺ-ում Իշխան Զաքարյանը լռում էր՝ անտեսելով լրագրողների հարցադրումները, դրանց արձագանքում միայն ժպիտով, լավագույն դեպքում՝ այո կամ ոչ պատասխաններով:
168.am-ի հարցին, թե ինչո՞ւ եք խուսափում պատասխանել հարցերին, արգելե՞լ են խոսել, Իշխան Զաքարյանը խորհրդավոր ժպտաց և շարունակեց քայլել դեպի շենքի ետնամուտք: Նա միայն խոստացավ բոլոր հարցերին պատասխանել ասուլիսի ժամանակ, երբ լինի «հարմար առիթ»:
Հարցին, թե ե՞րբ եք նախատեսում ասուլիս կազմակերպել, արդյոք այս շաբաթ կլինի՞ , ՎՊ նախագահը պատասխանեց. «Մի քիչ ավելի ուշ»: Հարցին, թե ընտրվելուց հետո՞, Ի. Զաքարյանը պատասխանեց. «Այո»:
Իշխան Զաքարյանի վստահ «այո» պատասխանը հավանաբար նշանակում է, որ վերջինս իր թեկնածության վերաբերյալ դրական արձագանքներ է ստացել խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ: