ՄԻՊ գրասենյակի աշխատակիցներն այցելել են ձերբակալվածներին
Մարդու իրավունքերի պաշտպանի ազատազրկվածների հարցերով խորհրդականն ու արագ արձագանքման բաժնի աշխատակիցներն այցելել են բոլոր ձերբակալվածներին, այդ թվում և Շանթ Հարությունյանին:
Այս մասին Panorama.am-ին հայտնել է ՄԻՊ մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանը:
«Խոսել են, զրուցել են նրանց հետ: Երեկ մեր աշխատակիցների այցելության պահին նրանց վրա բռնության հետքեր չեն եղել: Շանթ Հարությունյանի ու բոլոր 20 ձերբակալվածների հետ խոսել են, հանդիպման մանրամասները, խոսակցությունը, կներեք այս պահին չենք կարող հրապարակել, որովհետև պարտավոր ենք գաղտնիությունը ապահովել»,-ասել է ՄԻՊ մամուլի խոսնակը:
Նոյեմբերի 5-ին, Մաշտոցի պողոտայում Շանթ Հարությունյանը ծրագրում էր դիմակներով երթ կազմակերպել դեպի նախագահական: Չենթարկվելով ոստիկանության հորդորներին` ազատել Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածը, ակցիայի մասնակիցները գրպաններից հանել են քարերով լցոնված ինքնաշեն պայթուցիկներ և գետնին հարվածելով` սկսել են պայթեցնել: Տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեծ թվով անձինք ոստիկանության ծառայողների կողմից բերման են ենթարկվել ոստիկանություն:
Ընդհանուր առմամբ, ինչպես տեղեկացրել է ոստիկանությունը, 38 անձ բերման է ենթարկվել ոստիկանություն: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով` «ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը» և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով «ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որի արդյունքում պատճառվել է խոշոր չափի վնաս» հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները կարդացեք այստեղ`