Բաժիններ՝

Վրաստանի նորընտիր նախագահը չի հավաքել անգամ ողջ ընտրազանգվածի քվեների 1/3-ը. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝  Վրաստանի նախագահի պաշտոնին հրաժեշտ տվող Միխեիլ Սաակաշվիլին Թբիլիսիում գտնվող նախագահական նստավայրում երեկ հանդիպել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է, որ Վրաստանում առաջին անգամ ձևավորվել է երկկուսակցական համակարգ և առաջին անգամ է իրականացվել իշխանության խաղաղ փոխանցում.

«Առաջին անգամ գրանցվեց նախադեպ, երբ չանհետացավ նախկինում իշխող կուսակցությունը՝ չնայած նրան, որ հարցաքննվել է 25.000 մարդ, շատ առաջնորդներ կա՛մ կալանավորվել են, կա՛մ էլ կանգնել են դատարանի առջև: Համակեցության գործընթացն ուղեկցվել է իրեն բոնորոշ դժվարություններով»:

Անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Վրաստանում անցկացված նախագահական ընտրություններին՝ Սաակաշվիլին հայտարարել է. «Նախագահական ընտրություններին մասնակցության ցուցանիշը ցածր էր: Դա նշանակում է, որ հաղթած թեկնածուն հավաքել է ողջ ընտրազանգվածի քվեների 1/3-ից էլ պակաս:

Դա բոլոր կառավարությունների համար պետք է ծառայի որպես ազդանշան, որ անհրաժեշտ է համագործակցել հասարակության տարբեր շերտերի հետ: Ես հաջողություններ եմ ցանկանում նոր կառավարությանն ու երկրի նախագահին:

Նրանք պետք է կենտրոնանան երկրի զարգացման ու ապագայի վրա: Ոչ ոք  չի լինի ինձանից ավելի ուրախ, եթե նոր կառավարությունը հասնի հաջողությունների: Նրանց անհաջողությունները չեն երջանկացնի ինձ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի ընտրությունների արդյունքներով հաղթել էր իշխող «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, ով հավաքել էր քվեների 62 տոկոսից քիչ ավելին: Ընտրությունների մասնակցության ցուցանիշը կազմել էր 46.6 տոկոս: Ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների քանակը կազմել է 3.537.719 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս