Քաղաքապետարանը նոր ճանապարհը կառուցում է մարզամշակութային համալիրի ավտոկայանատեղիների հաշվին
Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող մայրուղու կառուցումը մասամբ կատարվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային համալիրի ավտոկայանատեղիի տարածքի հաշվին: Ճանապարհը անհրաժեշտ է եւ Երեւանի գլխավոր հատակագծով նախատեսված, սրանում համալիրի համահեղինակ ճարտարապետները կասկած չունեն, սակայն կողմ չեն, որ այն կառուցվի ավտոկայանատեղիի տարածքի հաշվին, որը հետագայում լուրջ խնդիրներ կարող է առաջ բերել:
Այս մասին ԳԱԼԱ-ն զրուցել է համահեղինակ ճարտարապետներից մեկի՝ Գուրգեն Մուշեղյանի հետ, ով համոզված է, որ ճարտարապետական որոշ անհամապատասխան լուծումներ կլինեն նոր ճանապարհի կառուցման պարագայում: «Այդտեղ շատ մեծ շքամուտք է, շքամուտքի առջեւի հրապարակն այդ պարագայում չի համապատասխանում այն ենթակառուցվածքների վիճակին, որ այսօր տեղի է ունենում»,- նշել է ճարտարապետը՝ հիշեցնելով նաեւ, որ ճանապարհն իր ամբողջ ծավալով չի կառուցվում, այն պետք է շարունակություն ունենա աջ, ձախ կողմերից եւ ուղիղ. «Հանգույց է կառուցվում Լենինգրադյանի համար, էդ հանգույցը բոլոր դեպքերում չի կարող լուծել խնդիրները, որովհետեւ տարբեր կատեգորիայի ճանապարհներ են: Այդ առումով լուծված են ուղղությունները, բայց դրանք ինչքանով կնպաստեն երթեւեկության դյուրինությանը կամ դյուրին կլինեն, թե ոչ, թե երթեւեկության խնդիրներ կառաջացնեն, խոսքն այս մասին է»,- նշել է Գուրգեն Մուշեղյանը:
Իսկ հարցին, թե նախագծելու ընթացքում քաղաքապետարանը հաշվի չի՞ առել ճարտարապետների կարծիքը, Մուշեղյանը պատասխանել է. «Ես չեմ ուզում հարաբերությունների մեջ մտնել: Ես, որպես ճարտարապետ, քաղաքային խնդիրների իմաստով նույնիսկ չեմ հիմնավորում, թե դա սպորտային համալիրն է, թե ինչ է: Խոսքը քաղաքային միջավայրին է վերաբերում, որ ունենա ճիշտ լուծում»:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: