
Կահիրեի դատարանն ուժի մեջ է թողել «Մուսուլման եղբայրների» գործունեությունն արգելող որոշումը

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Կահիրեի՝ հրատապ հարցերով դատարանն այսօր մերժել է «Մուսուլման եղբայրներ» շարժման փաստաբանների ներայացրած բողոքը՝ ընդդեմ Եգիպտոսում այդ շարժման գործունեության վրա արգելք դնելու:
Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ դատարանը հրաժարվել է դիտարկել երկրի քաղաքական ասպարեզից հեռացված այդ կազմակերպության բողոքը: Դրանով իսկ դատարանը հաստատել է սեպտեմբերի 23-ին իր իսկ ընդունած որոշումը, որով կալանքի տակ էին դրվել «Մուսուլման շարժման» ֆինանսական բոլոր ակտիվներն ու ունեցվածքը, նրանց վերահսկման տակ գտնվող կառույցները՝ ներառյալ գրասենյակներն ու ներկայացուցչությունները:
Գործունեության արգելքը տարածվում է ոչ միայն բուն կազմակերպության ու նրա քաղաքական թևի, այլև՝ յուրաքանչյուր այլ կառույցի, որոնք այս կամ այն չափով կապված են նրա հետ: