Թուրքիան մեծացնում է հետախուզական ծախսերը
Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան 6.3 տոկոսով ավելացրել է 2014 թվականին Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ֆինանսավորումը:
Խորհրդարանում 2014 թվականին պետական գերատեսչությունների ֆինանսավորման նախագծի քննարկման ժամանակ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել է, որ MIT-ի՝ հաջորդ տարվա բյուջեն կազմելու է 1.058.707.000 լիրա (1 դոլարը հավասար է 2 լիրայի):
Նախորդ տարի MIT-ի բյուջեն կազմել է 995.569.000 լիրա, ինչը նշանակում է, որ հաջորդ տարի նրա բյուջեն կմեծացվի 6.3 տոկոսով: Աթալայն ընդգծել է, որ հաջորդ տարի MIT-ի բյուջեն կգերազանցի վարչապետական ապարատի բյուջեն, որը կազմելու է 933.821.000 լիրա:
Աթալայը հերքել է MIT-ի և Անվտանգության գլխավոր վարչության միջև կոնֆլիկտի մասին տարածված խոսակցությունները՝ ընդգծելով, որ պետական բոլոր կառույցները սերտորեն համագործակցում են միմյանց հետ: