Իրանը մտադիր է իր էլեկտրաէներգիան Ռուսաստան արտահանել Հայաստանի տարածքով

Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանը և նրա հայ գործընկեր Արմեն Մովսիսյանը երեք համաձայնագիր են ստորագրել հիդրոէներգետիկայի համատեղ նախագծեր իրագործելու վերաբերյալ:

Դա տեղի է ունեցել երեկ Թեհրանում տեղի ունեցած նրանց հանդիպման ժամանակ, որի ժամանակ Հայաստանի ու Իրանի էներգետիկայի նախարարները քննարկել են հարևան երկու երկրների միջև փոխհամագործակցության ամրապնդման հարցը:

Լրագրողների հետ զրույցում Չիթչիանն ընդգծել է, որ Իրանի ու Հայաստանի միջև էներգետիկ ոլորտում առկա է համագործակցության բարձր մակարդակ՝ մանրամասնելով, որ ստորագրված երեք համաձայնագրերն առնչվում են էլեկտրաէներգիան բնական գազով փոխանակելուն, սահմանային Արաքս գետի վրա նոր հիդրոէլեկտրակայան կառուցելուն և երկու երկրների միջև էլեկտրաէներգիայի հոսքերի մեծացմանը, ինչի համար պետք է կառուցվի նոր էլեկտրահաղորդագիծ:

Նախարարը հավելել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև իրանական էլեկտրաէներգիան Հայաստանի տարածքով Ռուսաստան տարանցելու հարցը: Չիթչիանն ընդգծել է, որ առկա համաձայնագրերի հիման վրա իրանական էլեկտրաէներգիան Ռուսաստան է ուղարկվելու Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի միջոցով:

Նշվում է, որ անցյալ 6 տարում (2007-2012) Իրանն ավելի քան 1.5 միլիարդ խորանարդ մետր գազ է Հայաստանի հետ փոխանակել էլեկտրաէներգիայով: Այդ գործընթացում գագաթնակետը գրանցվել է նախորդ տարի՝ 481 միլիոն խորանարդ մետր:

Տեսանյութեր

Լրահոս