«Ավելի լավ է մեզ մի բան լինի, քան ժողովրդին». Գալուստ Սահակյան
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, երեկվա միջադեպին անդրադառնալով, նկատեց. «Ոստիկանությունում կատարվող բարեփոխումները հանգեցրին նրան, որ ժողովուրդն ինչ էլ անի, մենք պիտի այնպես անենք, որ հանկարծ որևէ բան չլինի նրանց, ավելի լավ է մեզ մի բան լինի, քան ժողովրդին»: Լրագրողների հետ ճեպազրույցում Գալուստ Սահակյանը նշեց, թե Հայաստանում սա առաջին դեպքն է, երբ մարդիկ հարձակվում են ոստիկանների վրա և ծեծում, ապա հավելեց, թե ոստիկանությունը փորձել է հանդուրժողական մոտեցում ցուցաբերել և նախապես չկանխել Շանթ Հարությունյանի և իր կողմնակիցների գործողությունները, ովքեր պատրաստվում էին փայտերով և պայթուցիկ նյութերով հասնել նախագահի նստավայր։
«Մեր իրականությունն այնպիսին է, որ եթե ոստիկանները հանդես չեն գալիս ընդգծված գործողություններով, ապա դատապարտվում են մեր հասարակության մի մասի կողմից: Իսկ ես այն կարծիքին եմ, որ չպետք է հանդուրժեր, և այդ բանը ոստիկանությունը պետք է հենց առաջին օրից իր վրա վերցներ և արգելեր։ Առավելևս, բոլորին է հայտնի, որ Շանթն ազատ է արձակվել հոգեկան խնդիրների պատճառով և իրավունք չուներ նստացույց կամ հանրահավաք անելու»,- հիշեցրեց ՀՀԿ պատգամավորը` ավելացնելով, որ նրանք ազատ են իրենց բողոքն արտահայտելու մեջ, բայց հարձակվելն ու կոշտ գործողություններ կատարելը հանցածին քայլեր են։