Սերժ Սարգսյան. Մոտ ապագայում կստորագրվի համագործակցության մասին համաձայնագիր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ, ով Հայաստան է ժամանել Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Հանրապետության Նախագահը և Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահն անդրադարձել են ՀԱԷԿ-ի անվտանգության բարձրացման ուղղությամբ իրականացված ծրագրային աշխատանքներին և դրանց արդյունքում կայանի ներկայիս վիճակին: Այդ կապակցությամբ զրուցակիցները երկուստեք արձանագրել են, որ ՀԱԷԿ սեյսմիկ անվտանգության ծրագրային մակարդակն ապահովված է: Սերժ Սարգսյանը և Ադոլֆ Բիրկհոֆերն անդրադարձել են նաև ՀԱԷԿ-ի հետագա շահագործման և նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերին, ՄԱԳԱՏԷ-ի հետ համագործակցությանը, այդ թվում՝ «ՕՍԱՐՏ» առաքելության արդյունքներին:
Հանդիպումից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը ԱԷԱԽ նախագահ Ադոլֆ Բիրկհոֆերի հետ Կառավարության ընդունելությունների տանը մասնակցել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստին և հանդես եկել բացման խոսքով:
Նախագահը ողջունել է միջազգային ճանաչում և հեղինակություն ունեցող գիտնականներից ու ոլորտի մասնագետներից կազմված անկախ խորհրդակցական մարմնի՝ խորհրդի անդամներին և նիստի բոլոր մասնակիցներին: Խոսքի սկզբում Սերժ Սարգսյանը ցավով և մեծ ափսոսանքով է ներկաներին տեղեկացրել, որ այս տարվա հունվարին կյանքից հեռացել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի անդամ, հանրաճանաչ գիտնական, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Համլետ Հարությունի Վարդապետյանը, ով մեծ դեր է խաղացել միջուկային ֆիզիկայի ոլորտում տեսական և փորձարարական հետազոտությունների ստեղծման և զարգացման գործում: Նախագահն առաջարկել է մեկ րոպե լռությամբ հարգել անվանի գիտնականի հիշատակը, որից հետո նիստի մասնակիցներին ներկայացրել է Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նոր անդամին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռոբերտ Հովսեփի Ավագյանին, մաղթել նրան հաջող և արգասաբեր աշխատանք:
Նախագահն ընդգծել է, որ խորհրդի ձևաչափով համագործակցության կարևորությունը դժվար է գերագնահատել՝ հաշվի առնելով ատոմային էներգիայի հատուկ դերը երկրի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:
Նա բարձր է գնահատել խորհրդի գործունեությունը ստեղծման պահից ի վեր՝ նշելով, որ անցած ժամանակահատվածում մեծ աշխատանք է կատարվել, ինչի համար շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին՝ հանրապետությունում գործող միջուկային էներգաբլոկի միջուկային և ճառագայթային անվտանգության բարձրացման հարցում անգնահատելի աջակցության համար: Ցուցաբերած օգնության համար Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նաև ՄԱԳԱՏԷ-ին և Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չեխիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի կառավարություններին ու Եվրոպական հանձնաժողովին:
«Հայաստանի Հանրապետությունը մշտապես կատարելագործում է ներքին օրենսդրությունը և բարեխղճորեն իրականացնում է իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Հայաստանի խորհրդարանի կողմից այս տարվա մայիսին վավերացվել են 2005 թվականի «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին կոնվենցիայի փոփոխությունները» և ընդունվել է «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» օրենքում համապատասխան լրացումներ կատարելու մասին օրենքը՝ կապված միջուկային նյութերի հաշվառման և հսկողության հետ:
Մոտ ապագայում կստորագրվի միջուկային անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագիր: Այն հնարավորություն կտա.
• զարգացնել Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության ենթակառուցվածքը՝ ռուսական նախագծերով նոր միջուկային էներգաբլոկների կառուցմանը նախապատրաստվելու համատեքստում,
• կազմակերպել միջուկային անվտանգության ոլորտում մասնագետների պատրաստում, վերապատրաստում և որակավորման բարձրացում՝ հաշվի առնելով ՄԱԳԱՏԷ-ի խորհուրդները,
• ընդլայնել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության շրջանակները:
2012թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետության կառավարության և ԱՄՆ կառավարության միջև ստորագրվեց էներգետիկայի, ներառյալ՝ միջուկային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման մասին հուշագիր: Փաստաթուղթը թույլ է տալիս մեր երկրների միջև խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում ավելի սերտ համագործակցություն զարգացնել: Այդ հուշագրի շրջանակներում արդեն իրականացվել է երկու հաջող նախագիծ:
ՄԱԳԱՏԷ-ի և միջազգային փորձագետների աջակցությամբ հսկայական աշխատանք է տարվել Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գործող էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության բարձրացման ուղղությամբ: 2012թ. պլանային-նախազգուշական նորոգումների ժամանակ հենակետային կառուցվածքներ են տեղադրվել անվտանգության տեսանկյունից կարևոր հիմնական համակարգերի և բաղադրիչների սեյսմակայունությունն ուժեղացնելու համար: Դրանով ավարտվեցին «ՀԱԷԿ երկրորդ էներգաբլոկի սեյսմիկ անվտանգության վերագնահատման ծրագրի» երրորդ՝ վերջին փուլի աշխատանքները՝ համաձայն ՄԱԳԱՏԷ-ի մշակած տեխնիկական պահանջների: Այսպիսով ՀԱԷԿ սեյսմիկ անվտանգության ծրագրային մակադրակն ապահովված է:
2011թ. անցկացված «ՕՍԱՐՏ» առաքելության խորհուրդներով վերանայվել է «ՀԱԷԿ շահագործման անվտանգության բարձրացման ծրագիրը»: ՀԱԷԿ-ը ներկա պահին իրագործել է առաքելության հիմնական առաջարկություններն ու խորհուրդները: 2013թ. կայացել է ՄԱԳԱՏԷ-ի «ՕՍԱՐՏ» կրկնակի առաքելությունը, որը բավարար առաջընթաց է արձանագրել իրականացվող աշխատանքներում, բայց նաև վեր է հանել խնդրահարույց հարցեր՝ կապված մասնավորապես ռադիոակտիվ թափոնների կառավարման հետ:
Եվրամիության տեխնիկական աջակցության շրջանակներում մասնագետներն արդեն սկսել են «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության» մշակումը:
Ցանկանում եմ նաև Ձեզ տեղեկացնել, որ այս տարի Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Աշխատած միջուկային վառելիքի հետ անվտանգ վարվեցողության և ռադիոակտիվ թափոնների հետ անվտանգ վարվեցողության միացյալ կոնվենցիան»:
Հայկական կողմը Եվրամիության օժանդակությամբ ավարտել է գործող էներգաբլոկի վրա սթրես-թեստի աշխատանքները: Հաշվետվությունը քննարկման է ներկայացված Հայաստանի Հանրապետության միջուկային անվտանգության կարգավորման կոմիտե: Կոմիտեի փորձագիտական եզրակացության հետ այն մինչև այս տարեվերջ կփոխանցվի Եվրամիության համապատասխան մարմիններին:
Այժմ իրականացվում են ՀԱԷԿ հիմնական համակարգերի, կառուցվածքների և բաղադրիչների ներկայիս վիճակի մոնիթորինգի և մնացորդային պաշարի գնահատման աշխատանքները: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագիրը քննարկման է ներկայացվել Հայաստանի Հանրապետության կառավարություն:
Այս տարվա սեպտեմբերից ռուսական կազմակերպությունների կողմից սկսվել են Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները: Մեզ համար, իհարկե, դա շատ կարևոր է:
Օգտվելով առիթից, ցանկանում եմ դիմել ՌԴ պատվիրակության ներկայացուցիչներին խնդրանքով, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի ռեսուրսի երկարաձգման աշխատանքներում առավելագույնս ներգրավվեն նաև մասնագիտացված կազմակերպություններ Հայաստանից:
Հայաստանը հաստատում է իր մտադրությունը զարգացնել միջուկային էներգետիկան, և այդ ուղղությունը առանցքային տեղ է զբաղեցնում էներգետիկայի զարգացման ծրագրում: Միայն ԱԷԿ-ի առկայությունը բազային էլեկտրաէներգիայի արտադրման կառուցվածքում մեզ թույլ կտա պահպանել երկրի էներգետիկ անվտանգության և անկախության պատշաճ մակարդակը»,-ընդգծել է Հանրապետության Նախագահը:
Նշելով, որ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն ՀԱԷԿ-ի, «Հայատոմ» ինստիտուտի և Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համատեղ մեծ աշխատանք է իրականացրել, Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ, այդուհանդերձ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին անհրաժեշտ է ուժեղացնել վերահսկողությունը Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի և ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունների հանձնարարականները ՀԱԷԿ ղեկավարության կողմից ժամանակին և որակով կատարելու նպատակով: Մասնավորապես՝ անհրաժեշտ է շտապ կատարել միջին ակտիվության թափոնների համապատասխան ծավալի ապահովման և պահպանության պայմանների բարելավման աշխատանքները, ինչպես նաև իրականացնել հերմոծավալի խտության բարձրացման միջոցառումներ:
Նախագահը խոսել է նաև ՀԱԷԿ-ի օպերատիվ անձնակազմի պատրաստման և վերապատրաստման համար անհրաժեշտ պայմանների լիարժեք ապահովման կարևորության մասին, որի ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են: Դրանք ավարտին հասցնելու համար Սերժ Սարգսյանը ՀԱԷԿ-ի ղեկավարությանը հանձնարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության օժանդակությամբ ապահովել անհրաժեշտ միջոցների ներգրավումը:
Հանրապետության Նախագահը ՀԱԷԿ-ի ղեկավարության ուշադրությունն է հրավիրել այն հարցի վրա, որ անհրաժեշտ է ատոմային էներգետիկայի ոլորտի կազմակերպությունների հետ համատեղ աշխատանքները կազմակերպել այնպես, որպեսզի պահպանվի և զարգանա գոյություն ունեցող ենթակառուցվածքը:
Նախագահի բացման խոսքից հետո, խորհրդի անդամներին անցած նիստի հանձնարարականների կատարման ընթացքի մասին մանրամասն տեղեկատվություն են տրամադրել ՀԱԷԿ տնօրենը և ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ղեկավարը: Նիստի մասնակիցներին ներկայացվել են նաև Հայաստանի միջուկային անվտանգությունը կարգավորող մարմնի հաշվետվությունը և Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը: