Իրանի հարցում զինվորականները պատրաստ են նախաձեռնությունը զիջել քաղաքական գործիչներին. Չակ Հեյգել
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը շարունակելու է ռազմական ճնշում բանեցնել Իրանի վրա՝ թեև հուսով է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ կանցկացվեն կառուցողական բանակցություններ: Այս մասին երեկ Վաշինգտոնում կազմակերպված անվտանգության միջոցառման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:
Վերջինիս խոսքերով՝ ԱՄՆ-ն պահպանելու է Պարսից ծոցում ու Մերձավոր Արևելքում իր ռազմական ներկայությունը՝ դիմակայելու համար Իրանի գործողություններին: Նա հավելել է, որ ԱՄՆ-ն առանց պատրանքների է նայում Իրանի հետ կապված հնարավոր մարտահրավերներին և մտադիր է ցուցաբերել իր կամքը:
Դրա հետ մեկտեղ Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ զինվորականները պատրաստ են նախաձեռնությունը զիջել քաղաքական գործիչներին, եթե բանակցությունները հանգեցնեն հաջողության. «Մենք խոստովանում ենք, որ դա ռիսկային է, սակայն մենք չենք ապրում ռիսկերից զուրկ աշխարհում: Ռազմական ուժը մշտապես պետք է մնա միայն որպես ծայրահեղ դեպքում կիրառելու տարբերակ»: